Ռուսաստանն ու Աբխազիան պայմանավորվել են վերագործարկել Սուխումիի օդանավակայանը

«Ռուսաստանն ու Աբխազիան այսօր Սուխումիի օդանավակայանի վերագործարկման մասին պայմանագիր են ստորագրել», - հաղորդում է Աբխազիայի էկոնոմիկայի նախարարությունը։

Ռուսաստանի անունից պայմանագիրը ստորագրել է Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Սա բավական բարդ ծրագիր է։ Այն թե՛ ուղևորատար տերմինալի շինարարություն է նախատեսում, թե՛ թռիչքուղու վերականգնում, թե՛ նոր սարքավորումների ձեռքբերում։ Այս ամենն իրագործվելու է մասնավոր ներդրողների միջոցներով, Ռուսաստանի դաշնային բյուջեից գումարներ չեն հատկացվի», - հայտարարել է ռուսաստանցի նախարարը։

Ռուսական կողմի փոխանցմամբ, ծրագրի բնական իրագործման դեպքում օդանավակայանն աշխատանքը կվերսկսի 2024 թվականի վերջին եռամսյակում՝ սկզբնական շրջանում հնարավորություն ստանալով ռուսական արտադրության «Սուխոյ Սուպերջեթ 100», МС-21 և բեռնատար Իլ-76 օդանավեր սպասարկել։ Սուխումիի օդանավակայանը աշխատանքը դադարեցրել էր 1993 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ աբխազական ուժերը գրավել էին քաղաքը։