Վրաստանում հերթական սկանդալն է թափ հավաքում Աբաշիձեի շուրջ. համացանցում է հայտնվել նրա հեռախոսազրույցը Պոզների հետ

Վրաստանում հերթական սկանդալն է թափ հավաքում այդ երկրի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի շուրջ․ համացանցում է հայտնվել վրաց պաշտոնյայի հեռախոսազրույցը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզների հետ։ Ըստ հրապարակված ձայնագրության, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյան ներողություն է խնդրում զրուցակցից 2021 թվականին տեղի ունեցած միջադեպի համար։

Ռուս-վրացական հարաբերությունների նորմալացումը դատապարտող վրացական ընդդիմությունը անընդունելի է համարում Աբաշիձեի վարքագիծը և իշխանություններից պահանջում չեղարկել Կարասին-Աբաշիձե ռուս-վրացական բանակցային ձևաչափը։

Ընդդիմախոսները բազմիցս են կասկածի տակ դրել դիվանագիտական հարաբերություններ չունեցող Մոսկվայի և Թբիլիսիի միջև ոչ պաշտոնական բանակցությունները, որին մասնակցում են Վրաստանի հետ հարաբերությունների գծով ռուսաստանցի բանագնաց, Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն։ Վերջիններս քաղաքական օրակարգ չեն քննարկում, համենայն դեպս պաշտոնապես այդպես են պնդում կողմերը՝ նշելով, որ երկու պաշտոնյաների բանակցային օրակարգում հիմնականում սոցիալական, մշակութային և տնտեսական հարցեր են։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլիի համոզմամբ՝ Մոսկվան այդ ձևաչափն ի սկզբանե օգտագործում է սեփական շահերն առաջ մղելու համար։

«Այդ ձևաչափն ի սկզբանե վնասակար է։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Ռուսաստանը դա օգտագործում իր օգտին, իսկ իշխանությունները հաշիվ պահանջում Աբաշիձեից», - հայտարարում է ընդդիմադիր գործիչը։

Հեռախոսազրույցը, ենթադրաբար, ձայնագրվել է 2021 թվականին, այն բանից հետո, երբ վրաց ակտիվիստներն ու ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել Թբիլիսիում՝ ընդդեմ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզների այցի․ վերջինս վրացական մայրաքաղաքում էր ընկերների հետ՝ տոնելու ծննդյան 87-ամյակը։ Բախումներով ուղեկցված ցույցերը՝ ստիպել են նրան լքել Վրաստանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացիները փչացրեցին Պոզների ծննդյան օրը, նա հեռացավ Թբիլիսիից

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, թե իր հաղորդումներից մեկում լրագրողն ասել է, որ Աբխազիան չի լինի Վրաստանի կազմում, իսկ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի համար մեղավոր է համարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Համացանցում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունում լսվում է, ենթադրաբար, Զուրաբ Աբաշիձեի ձայնը, որն ակցիայի մասնակիցներին անվանում է «նացիստներ», «բարբարոսներ», «Սաակաշվիլիի վճարովի կամակատարներ», և ներողություն խնդրում Պոզներից տեղի ունեցածի համար։ Վրաց պաշտոնյան նաև հավելում է, թե այդ ամենից հետո կառավարությունն ու իշխող մեծամասնությունը ջանքեր են գործադրել բողոքի ցույցի մասնակիցներին դատապարտող հայտարարություններ անելու հարցում։

Վրաստանի իշխող ուժը այժմ էլ չի թաքցնում՝ անընդունելի են համարում 90-ամյա ծերուկի ուղղությամբ ձվեր նետելը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիյա Վոլսկին:

«Անձամբ ես բացասական վերաբերմունք ունեմ Պոզների նկատմամբ, բայց ձվերով վազել 90-ամյա ծերուկի և նրան ուղեկցող վրացիների ետևից, մեր ազգի արժանապատվության ցուցիչ չէ», - ասել է իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչը։

Աբաշիջեն պնդում է՝ զրույցը աղավաղվել է, ընդդիմադիր ճամբարում նրա այդ հավաստիացումներին չեն հավատում

Ինքը Աբաշիջեն «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում խոստովանել է․ ռուսաստանցի լրագրողի հետ շփվել է, բայց ինչպես պնդում է՝ զրույցը աղավաղվել է։

«Այդ ձայնագրությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ Խոսակցությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, բայց տեքստն ամբողջությամբ աղավաղված է, այն կեղծ է։ Դրա բովանդակությունը խեղված է, հետևաբար չեմ մեկնաբանի», - ասել է վրաց դիվանագետը։

Ընդդիմադիր ճամբարում մինչդեռ Աբաշիձեի այդ հավաստիացումներին չեն հավատում․ պատգամավոր Պաատա Մանջգլաձեի գնահատմամբ՝ Պոզների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները «հայրենասերներ» են, որոնք «ընդդիմացել են կրեմլյան քարոզիչներին»։

«Նա բարբարոսություն է անվանում ձու նետելը, մինչդեռ չի հիշում մեր գյուղերը, որոնք ռուսները հողին են հավասարեցրել», - նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ դիվանագետից պահանջելով ներողություն խնդրել օգոստոսյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում հրապարակվել է Կարասին-Աբաշիձե զրույցի ձայնագրությունը,որում դիվանագետները խոսում են նաև Հայաստանի մասին

Ռուսաստանցի պաշտոնյաներին ու կրեմլամետ քարոզիչների հաճոյանալու մեջ դիվանագետ Աբաշիձեին առաջին անգամը չեն մեղադրում։ Անցած փետրվարին համացանցում մեկ այլ հեռախոսազրույց էր գաղտնազերծվել, որում նա խոսում է Վրաստանի հարցերով ռուսաստանցի բանագնաց Կարասինի հետ։ Զրույցի նախաձեռնողը Կարասինն է, որն իր վրացի գործընկերոջն է զանգահարում, որպեսզի տեղեկացնի՝ Մոսկվայում պատրաստվում են երկու երկրները կապող նոր ճանապարհ կառուցել։

Ընդդիմադիրները դատապարտել են ռուս-վրացական այդ շփումները՝ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Մոսկվայի հետ համագործակցությունը: