Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք, երեկ երեկոյան հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։
«Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի քան 6 ամիս շրջափակված Արցախից երեկ հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։
Ադրբեջանի իշխանությունները, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամենաթողության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆԱդրբեջանի արտգործնախարարությունը երեկ ավելի վաղ տարածած հայտարարությունում «խստորեն դատապարտել է Լաչինի սահմանային անցակետում Հայաստանի զինված ուժերի ռազմական սադրանքը»։
Ըստ Բաքվի՝ «Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել հայ բնակիչների ազատ տեղաշարժը սահմանային անցակետով, և դա վառ օրինակ է, որ Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և խաղաղ գործընթացով»:
«Հայկական կողմի փորձերը՝ խոչընդոտելու Ադրբեջանի հայ բնակիչների վերաինտեգրումը մեր հասարակությանը, ձախողվելու են», - հայտարարել է Բաքուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով»․ Բաքուն Հակարիի կամրջին տեղի ունեցածի համար Երևանին է մեղադրումԱդրբեջանի գլխավոր դատախազությունն էլ պնդել է, թե Հակարիի կամրջի մոտ երեկվա միջադեպը տեղի է ունեցել Լաչինի միջանցքի սկզբնամասում, որն «Ադրբեջանի ինքնիշխան տարածք է»:
Ադրբեջանական կողմը չի խոսում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձի մասին: Հայկական կողմը հայտարարել է, որ ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել և Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի՛ տարածքում:
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկար ձողով դրոշը ձեռքներին քայլում դեպի կամրջի սկզբնամաս և դեռ կամուրջ չհասած ճանապարհի հատվածում փորձում են տեղադրել այդ դրոշը: Այդ ընթացքում նրանց ուղեկցում են ենթադրաբար ռուսաստանցի խաղաղապահներ՝ ապահովելով, որ նրանք կատարեն այդ գործը: Համր տեսանյութում բոլորը հանկարծ փախչում են և թաքնվում խաղաղապահների զրահամեքենայի հետևում՝ հավանաբար այդ պահին հայկական կողմը գործողությունների է դիմել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիրավորված ԱԱԾ սահմանապահի վիճակը գնահատվում է կայուն ծանր. իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է