Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովի, Աննա Վարդապետյանի և Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հյուրընկալողի դերում հանդես եկող Կրասնովը նշել է, որ Տավրիկյան պալատում անցած դարերում ընդունվել են բազում ճակատագրական որոշումներ, և դա հաջողության հույս է տալիս:
Այս ձևաչափով սա արդեն հինգերորդ հանդիպումն է: Առաջին այդօրինակ քննարկումը տեղի է ունեցել 2021 թվականին: Կողմերը Սանկտ Պետերբուրգում քննարկում են երեք գերատեսչությունների համագործակցության հնարավորությունները:
Կրասնովը Վարդապետյանին և Ալիևին շնորհակալություն է հայտնել կառուցողական մոտեցումների համար: Եռակողմ հանդիպումից առաջ նա առանձնազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք անվտանգ պայմաններ ստեղծել տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և դրա բնակիչների արժանապատիվ կյանքի համար»,- ասել է Կրասնովը: