ՊՆ հերքում է, թե սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունը, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում՝ նշելով՝ ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

«Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցները մասնավորապես նշել էին, թե «Զանգիլանի ուղղությամբ ծանր մարտեր են ընթանում» և «հայկական զինված ուժերը կիրառում են ականանետ և ԱԹՍ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական ԶՈՒ-ն Կապանի հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՊՆԱյսօր վիրավորված ԱԱԾ սահմանապահին վիրահատում են

Երևանն ու Բաքուն այսօր հաղորդագրություններ տարածեցին՝ Տեղի հատվածում հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով․ Երևանը, մասնավորապես, հաղորդեց, որ ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ ԱԱԾ-ն էլ հայտնեց, որ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Բաքուն իր հերթին Հայաստանին մեղադրեց այսօր ժամը 11-ից Գորիսի շրջանի Տեղի դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու համար։

Հայաստանի ՊՆ-ն այսօր հայտնել է նաև, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ։