Ռուսաստանի բռնակցված 4 շրջաններում աշնանը տեղի կունենան «ընտրություններ»

Ռուսաստանի ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը, արխիվ

Ռուսատանի կողմից պատերազմի ընթացքում բռնակցված չորս ուկրաինական տարածքներում, որոնք Մոսկվան անվանում է «նոր ռեգիոններ», այս տարվա սեպտեմբերի 10-ին տեղի կունենան օրենսդիր մարմինների և քաղաքապետարանների ընտրություններ:

Այդ որոշումն այսօր միաձայն ընդունել և նախագահ Վլադիմիր Պուտինին է ուղարկել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Տեղական ներկայացուցչական մարմինների հետ ահռելի աշխատանք է կատարվել ռեգիոններում ընտրական հանձնաժողովներ կազմելու համար, ամբողջ ԿԸՀ-ն, բայց նախևառաջ նախագահ Էլլա Պամֆիլովան է արել այդ աշխատանքը: Եվ այսօր այն գրեթե ավարտին է հասցվել: Զրոյից այս համակարգը ստեղծելը՝ սխրանք էր»,- ասել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը:

Կիևը և Արևմուտքը չեն ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների պատկանելությունը Ռուսաստանին և նույն դիրքորոշումն ունեն նաև 2014-ին բռնակցված Ղրիմի հարցում: