Տհաճ «նվեր» 77-ամյակի նախօրեին
Այսօր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշում է ծննդյան 77-ամյակը: Նախօրեին, երբ նրա աջակիցները երգերով ու վանկարկումներով շնորհավորել են իրենց հանրապետական լիդերին, նա չափազանց տհաճ, բայց միանգամայն ակնկալելի լուր է ստացել՝ մեղադրական եզրակացություն պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը ոչ պատշաճ եղանակով պահելու գործով:
Մեղավոր ճանաչվելու դեպքում նախկին նախագահը կարող է սոսկ տեսականորեն դատապարտվել ընդհուպ 400 տարվա ազատազրկման:
Նախկին դատախազ Դեյվիդ Աարոնի կարծիքով, Թրամփի համար պատիժ կարող են սահմանել 17-ից 22 տարի՝ փաստաթղթերի պահպանման կանոնները խախտելու, և 7-ից 9 տարի՝ արդարադատությանը խոչընդոտելու գործերով:
Ինքը նախագահը կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում է, որ ամբողջ այդ գործը ներկայիս նախագահ Ջո Բայդենի ղեկավարած դեմոկրատների կողմից հաշվեհարդար է, որի միակ նպատակն է իրեն հնարավորինս մեծ վնաս հասցնել հաջորդ տարվա նախագահական ընտրություններից առաջ:
102 փաստաթղթերից 17-ը՝ «հույժ գաղտնի» մակագրությամբ
«Ինձ սպառնալ 400 տարվա բանտով իմ նախագահական փաստաթղթերը պահելու համար, ինչն արել են բոլոր նախագահները, դա ամենասարսափելի և արատավոր երևույթն է, որը երբևէ եղել է Ամերիկայի արդարադատության պատմության ընթացքում»,- ասել է նախկին նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն այսօր Մայամիի դատարան է հրավիրվելՆա պնդել է, որ 44-էջանոց մեղադրական եզրակացությունում նույնիսկ չի հիշատակվում, որ այս գործում պետք է կիրառվի ոչ թե լրտեսության մասին օրենքն, այլ նախագահների գրառումների կանոնը, որը կարգավորվում է ոչ թե քրեական, այլ քաղաքացիական օրենսգրքով:
Մեղադրանք է ներկայացվել նաև Թրամփի օգնական Ուոլթ Նաութին: Ֆլորիդայի նահանգնում Մար-ա-Լագո անվամբ գեղատեսիլ ծովափնյա վայրում գտնվող Թրամփի առանձնատանը իրավապահները խուզարկության արդյունքում հայտնաբերել են 102 փաստաթղթեր, որոնցից 17-ը մակագրվել են որպես «հույժ գաղտնի»:
«Ես ունեի այդ փաստաթղթերը պահելու իրավունքը»
Մայամիի դատարանում լսումները մոտ 50 րոպե են տևել: Թրամփը իրեն մեղավոր չի ճանաչել և լսումներից հետո աջակիցների հետ զրույցում ասել է որ, օրենքը չի խախտել:
«Ես ունեի այդ փաստաթղթերը պահելու իրավունք, դա թողնված է նախագահի հայեցողությանը, որ փաստաթուղթը կուզի՝ կարող է իր մոտ պահել»,- պնդել է Թրամփը:
Նա սպառնացել է, որ 2024-ին նախագահ ընտրվելու դեպքում իրավապահների ուշադրությունը կուղղի Ջո Բայդենի վրա:
«Ես կնշանակեմ հատուկ դատախազ, ով կզբաղվի ԱՄՆ պատմության ընթացքում ամենակոռումպացված նախագահ Ջո Բայդենի և նրա ամբողջ քրեական գերդաստանի գործերով: Նրանք ավերում են մեր երկիրը: Եվ երբ ես ընտրվեմ, երբ մենք ընտրվենք, այլևս թույլ չենք տա քայքայել ընտրությունները և սահմանները: 2024 թվականի նոյեմբերի 5-ին արդարությունը կհաղթի, մենք կվերադարձնենք մեր երկիրը, մենք նորից Ամերիկան մեծ կդարձնենք»,- հավաստիացրել է նախկին նախագահը:
«Ներկայացված մեղադրանքը՝ օրինականության հաղթանակ է»
Բայց շատ են նաև մարդիկ, ովքեր այնուամենայնիվ հենց Թրամփին են համարում բազում հանցանքներ գործած լիդեր:
Նյու Յորքի Հոֆստրայի համալսարանի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Ջեյմս Սամփլը դրական է գնահատում Թրամփին մեղադրանք ներկայացնելու բուն փաստը:
«Սա օրինականության հաղթանակ է։ Պատասխանատվությունը պետք է գերակայի: Եթե մի շարքային քաղաքացի աներ այն, ինչ շատ մեղմ, զգուշավոր և հավասարակշռված նկարագրվել է մեղադրական եզրակացության մեջ, այդ քաղաքացին օր ու արև չէր տեսնի»,- ասել է պորֆեսորը:
Թրամփը կփորձի հնարավորինս ձգձգել դատական գործընթացը
Դատարանը չի սահմանափակել Թրամփի տեղաշարժը և գրավ չի կիրառել: Իրավապահների համոզմամբ, Թրամփը հիմա ամեն կերպ ձգձելու է գործընթացը, որը կարող է ամիսներ տևել:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ պատմության ընթացքում առաջին պաշտոնաթող նախագահը, ով կհայտնվի բանտում:
Ի դեպ, օրենքը չի արգելում ԱՄՆ քաղաքացուն մասնակցել ընտրություններին ոչ միայն քրեական հետապնդման, այլև բանտարկության ընթացքում, այսպիսի սահմանափակում Միացյալ Նահանգների Մայր օրենքում չկա:
Մայամիում դատական նիստից հետո Թրամփի շուրջը հավաքված աջակիցները հավաստիացրել են, որ կշարունակեն սատարել նրան: