Լուկաշենկոն Բելառուսում միջուկային զենք տեղադրելու որոշման մանրամասներ է պատմել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, մայիս, 2023թ.

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասներ է պատմել իր երկրի տարածքում միջուկային զենք տեղադրելու որոշման վերաբերյալ։ Ըստ Լուկաշենկոյի՝ «առայժմ» խոսքը մարտավարական սպառազինության մասին է, սակայն Բելառուսը հարթակ է նախապատրաստում ռազմավարական հրթիռների տեղակայման համար։

«Աստված մի արասցե, որ ես ստիպված լինեմ որոշում կայացնել այդ զենքի կիրառման վերաբերյալ։ Բայց ոչ մի տատանում չի լինի, եթե միայն մեր դեմ ագրեսիա լինի», - BelTA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։

Բելառուսում ռուսական բանակի մարտավարական միջուկային լիցքերի տեղակայման մասին հայտնի է դարձել մարտին։ Այդ ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ խոսքը միջուկային զենքը Մինսկ տեղափոխելու մասին չէ։ Այժմ Լուկաշենկոն հայտարարում է, որ զենքը փաստացի վերադարձնում են Բելառուսին, որտեղ այն տեղակայված էր մինչև 1996 թվականը:

«Սկզբում ես խնդրեցի Պուտինին, այնուհետև բարեկամաբար խստորեն պահանջեցի՝ ինձ հետ տվեք առայժմ այդ [մարտավարական, ոչ ռազմավարական] զենքը։ Դա բավարար է», - ասել է Լուկաշենկոն` շարունակելով. - «Դա իմ պահանջն էր: Դա Ռուսաստանը չէ ինձ պարտադրել : Ինչո՞ւ՝ որովհետև, ինչպես դուք բոլորդ ասում եք, աշխարհում դեռևս ոչ ոք չի պատերազմել միջուկային տերության դեմ»:

Բելառուսը և Ռուսաստանը միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմեր են։ Պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվել են չփոխանցել կամ չընդունել նման զենք, ներառյալ՝ ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տեսքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին