Թրամփն այսօր Մայամիի դատարան է հրավիրվել

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Մայամիի դատարան է հրավիրվել գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման, արդարադատությանը խոչընդոտելու գործով:

Դաշնային դատախազը պնդում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն ապօրինի կերպով տասնյակ գաղտնի փաստաթղթեր է պահել իր առանձնատներում՝ այդ թվում Ֆլորիդայի իր առանձնատան լոգարաններում ու պարասրահներում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Թրամփը հրաժարվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին և Ազգային արխիվին վերադարձնել իր մոտ եղած փաստաթղթերը:

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն այսպիսով որպես քրեական մեղադրյալ կներկայանա դատարան արդեն երկրորդ անգամ: Ապրիլին Նյու Յորքի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին իր հետ ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց տասնյակ հազարավոր դոլարներ վճարելու գործով։ Քննությունը պնդում է, որ Թրամփն այդ գումարները վերցրել է նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։