Շիրակի պետական համալսարանի ռեկտորը պնդում է՝ բուհում համակարգային կոռուպցիա չկա

Գնահատականների դիմաց ուսանողներից կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանն ազատ է արձակվել և վերադարձել բուհում աշխատանքին։ Ռեկտոր Երվանդ Սերոբյանի խոսքով՝ դեռևս քննություն է ընթանում, և դասախոսի անմեղության վարկածը խախտել չեն կարող։

«Իմ ֆունկցիան չէ իսկապես հետաքննություն իրականացնելը, հատկապես որ մասնագետներն այս պահին լուրջ գործընթաց են սկսել բոլոր ասպեկտներով, բոլոր տեսանկյուններով նայում են։ Միակ բանը, որ կարող եմ ասել, որ մինչև այս պահն էլ, այս պահից սկսած և ցանկացած դեպքում իրավապահ մարմինների ցանկացած հարցումներին ժամանակին օպերատիվ արձագանքել ենք, արձագանքելու ենք, համապատասխան տեղեկատվություն կտրվի», - «Ազատությանն» ասաց նա։

Հակակոռուպցիոն կոմիտեն օրեր առաջ հաղորդեց, որ տնտեսագիտականի ամբիոնի վարիչը վերջին 2 տարիներին գնահատականներ նշանակելու դիմաց շուրջ երկու տասնյակ ուսանողներից ստացել է 60-ից 340 հազարական դրամ։ Ինքը՝ Մկրտչյանն, այսօր հրաժարվեց մեկնաբանել մեղադրանքը՝ խոստանալով հետո խոսել։

«Ազատությունը» Շիրակի պետական համալսարանի ռեկտորից փորձեց գործի մանրամասները պարզել։

«Մտնել բուհ, այդ աժիոտաժը չի եղել ոչ մի բան տենց, պարզապես զանգել են, եկել են համապատասխան ներկայացուցիչներ, պահանջել են որոշակի փաստաթղթեր, փաստաթղթերը տրամադրվել են նրանց, և այնուհետ հաջորդ օրը պարզապես մամուլից տեղեկացել ենք, որ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել», - ասաց նա։

Բուհը ղեկավարող Երվանդ Սերոբյանը վստահեցնում է՝ 2500 ուսանող և 250 դասախոսական անձնակազմ ունեցող համալսարանում համակարգային կոռուպցիա չկա. - «Նման դրսևորումներ անհատների կողմից ցանկացած համակարգում, ցանկացած միջավայրում միշտ եղել են։ Ցավոք սրտի, կան, ավելի ցավով պիտի ասեմ, որ շատ կարևոր է համակարգային միակ բանը, որ կարող եմ հավաստեմ՝ բուհում համակարգային կոռուպցիա գոյություն չունի»։

Մինչդեռ Շիրակի պետական համալսարանում սովորած ուսանողական խորհրդի հոգաբարձուների անդամ Գևորգ Ղուկասյանը փաստում է՝ ուսանողների համար հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումը անակնկալ չէր։

«Այս դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ անակնկալ չէր, միշտ էլ եղել են տարբեր տեսակի դժգոհություններ, ավելի քիչ կոռուպցիոն ռիսկեր պարունակող հարցերի հետ կապված դժգոհություններ, բայց նաև եղել են այդպիսի դժգոհություններ ուսանողների կողմից», - նշեց նա։

Բուհի երրորդ կուրսի ուսանողներից Մարիամ Ադամյանը կաշառքի դեմ պայքարելու իր բանաձևն ունի՝ սովորելը. - «Եթե իրոք այդպիսի բան է եղել, ուրեմն եկեք, վերացնենք սովորելով ու առաջ գնանք։ Մեր համալսարանն է, պետք է մաքրենք։ Համենայն դեպս, մասայական ինչ-որ կաշառակերություն չկա համալսարանում, ես դա վստահեցնում եմ»։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտմանը չցանկացավ անդրադառնալ։ Դեպքն, ըստ Բարսեղյանի, կազդի բուհի առանց այն էլ ցածր վարկանիշի վրա։

«Ստացվել է համակարգի հյուծում, ի՞նչ իմաստով. համալսարանը կորցրել է իր վարկն ու որակը, ուսանողների հոսքը նվազել է, նվազել է նաև ուրիշ պատճառներով։ Դա բերել է եկամուտների պակասման, աշխատակազմը աճել է կամ եթե նույնիսկ նույնն է մնացել, աշխատավարձը շարունակել է պակասել։ Գայթակղություն ոմանց մոտ առաջացել է, ոմանց մոտ չի առաջացել գայթակղություն կաշառքի կամ կաշառքին հավասարեցված այլ անօրինական եկամուտներ ունենալու մասով։ Պարբերաբար նման հյուծումների արդյունքում սկսել է նվազել, նվազել և համալսարանի վարկը, ոչ միայն մեր համալսարանի, և կրթության որակը», - նկատեց նա։

Բարսեղյանի կարծիքով՝ եթե իրավապահները խնդիր դնեն, ապա շատ կարճ ժամանակում կարող են կոռուպցիան համալսարաններում վերացնել։