Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի ընթացքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկան Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը:
Զեկույցներում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի շուրջ աղետալի զարգացումներին, մասնավորաբար շրջափակման հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։
«Անհանգստությամբ անդրադարձ եղավ նաև երկրի ներսում գոյացած մարտահրավերներին, հասարակական անհամերաշխությանն ու բևեռացվածությանը: ԳՀԽ-ն խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը», - ասված է հաղորդագրությունում։
ԳՀԽ-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում։
Արցախին ուղղված սոցիալական աջակցության վերաբերյալ զեկույցով է հանդես եկավ Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ներկայացնելով, որ Ամենյան Հայոց Հայրապետի հորդորով ու ջանքերով, Մայր Աթոռի աշխարհասփյուռ թեմերի գործուն մասնակցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախին տրամադրվել է 360 տոննա մարդասիրական օգնություն։