Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել թուրք նորանշանակ պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հարաբերությունները կարգավորել փորձող երկու հարևան երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել ամբողջական կարգավորման ուղղությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնում Ֆիդանը ներգրավված է եղել մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։

Հայաստանի վարչապետն, իր հերթին, մասնակցել էր Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։