Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին Շիկահողից անհետացած երկու հայ զինծառայողների վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին ավելի քան տասն օր առաջ Շիկահողի միջդիրքային հատվածից առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ, հայտնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:

ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը», - ասված է հաղորդագրության մեջ:

Զինծառայողների հարազատները երկու շաբաթ է՝ սպասում էին որևէ տեղեկության։

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ կամազով սնունդ ու ջուր էին տարել մարտական հենակետեր, հետո արդեն գտնվեց նրանց մեքենան։ Քննչական կոմիտեի տվյալով՝ ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։