«Երևանի գինու օրեր» փառատոնից հետո համացանցում տարածված տեսանյութն այսպես է մեկնաբանում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը. - «Ամբողջ տեսանյութը իրենից ներկայացնում է տղայական պարզաբանում իրականում։ Ե'վ ոստիկանի կողմից, և' երիտասարդների։ Երիտասարդները իհարկե հասարակական կարգն են խախտում, իհարկե հայհոյում են»։
Իսկ տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցն իրեն չենթարկվող ու հայհոյող երիտասարդին մեկ հարվածով տապալում գետնին։
«Ճիշտ է արել, որ հարվածել է իրեն չենթարկվող հարբած երիտասարդին», «Պետք է բերման ենթարկեր, ոչ թե ծեծեր». Տեսանյութի տարածումից հետո համացացնում բուռն քննարկումներ էին՝ այսպիսի իրարամերժ շեշտադրումներով։
Ոստիկանի հարվածից տապալված երիտասարդի հետ մեզ զրուցել չհաջողվեց, նրա մտերիմներն ասացին՝ չի ցանկանում խոսել։
«Օրենքը հստակ կարգավորումներ ունի այսպիսի դեպքերի համար», - ասում է իրավապաշտպանն ու ընդգծում, թե որը կլիներ ոստիկանի կողմից ճիշտ քայլը, եթե համակարգն իրապես բարեփոխված լիներ. - «Ոչ թե հարվածելով, այլ ուժի գործադրմամբ զսպեին նրան, եթե պետք էր նույնիսկ ձեռնաշղթաներ հագցնել, ապա հագցնեին, տեղափոխեին բաժին։ Հետո արդեն այդ երիտասարդը սթափվելուց հետո կզղջար, չէր զղջա... Հիմա զղջալու մասին չի խոսքը, այլ որքանով կհասկանար իր արարքը, որքանով չէր հասկանա, և օրենքը որքան խիստ կլիներ նրա նկատմամբ, որքան խիստ չէր լինի, դա դառնար արդեն այլ խնդիր։ Էդ խնդիրը չէր վերաբերվի ոստիկանին։ Ոստիկանը ընդամենը կբավարարվեր զեկուցագիր գրելով, որ բերման եմ ենթարկել էսինչին, էսինչին էս գործողությունների համար։ Եվ եթե պետք լիներ դատարան հասնել գործը, ապա նա կլիներ ներող կամ չներող վկա։ Բայց հիմա նա արդեն կոնկրետ գործողությունների մեջ մեղադրվում է»։
Կեսգիշերային այդ միջադեպից հետո ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հայտարարություններ տարածեցին. երիտասարդին հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը տուժող է ճանաչվել, իսկ ոստիկանը դեռ կարգավիճակ չունի, քննարկվում է, թե որ մարմինն է քննությունը շարունակելու։
Դեռ երեք տարի առաջ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, թե Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը պետք է արմատախիլ արվի։ Իրավապաշտպանի համոզմամբ, մինչդեռ, Սարյան փողոցում ոստիկանի վարքը հենց քրեական ենթամշակույթին հատուկ պահվածք է. - «Սա էդ ոստիկանի խնդիր չէ միայն, սա համակարգի խնդիրն է։ Էդ ոստիկաններից յուրաքանչյուրը տեղավորվել է էդ համակարգի մեջ»։
Պաշտոնական տվյալներով, 2021 թվականի համեմատ, նախորդ տարի 31-ով ավելացել են ոստիկանի նկատմամբ ծառայողական քննության դեպքերը՝ հասնելով 1802-ի։ Նախորդ տարի կարգապահական տույժի է ենթարկվել 709 ոստիկան, այս թիվն էլ 2021-ի համեմատ աճել է ավելի քան 100 անգամ։
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասում է, որ եթե համակարգում խնդիրներ չտեսնեին, բարեփոխումների չէին գնա։ Ընդունում է, որ հաճախ ոստիկանության զորքերն անհամաչափ ուժ են կիրառում։ Պաշտոնյայի խոսքով, ոստիկանական գվարդիայի մասին նոր օրենքով ավելի կհստակեցվի ոստիկանի կողմից ուժի կիրառման անհրաժեշտությունը. - «Մի դեպքում կարող ենք մեկնաբանել, որ դա համաչափության կանոնների մեջ է, մեկ այլ դեպքում շատ նեղ է սահմանը այլ մեկնաբանության։ Եվ մեր առջև խնդիր ենք դրել, որ ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքում կտանք այն երաշխիքները, որոնց ուժով դրանից հետո այլևս այս երկընտրելի մեկնաբանությունները չեն լինի, և քաղաքացին, մի կողմից, ապահովագրված կլինի, որ իքս արարքի դեպքում վրա կհասնի պատասխանատվություն, և մյուս կողմից՝ նաև մեր ոստիկանության ծառայողները, որովհետև նրանց համար ևս այդ սահմանային հատվածը չափազանց նեղ է, և նրանք ևս պետք է պաշտպանված լինեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը որոշել է քրեական հետապնդման չենթարկել 17-ամյա պատանուն հարվածներ հասցրած ոստիկանինՈստիկանների վիճահարույց գործողությունները վերջին շրջանում հաճախ են հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում։ Անչափահաս տղային բռունցքներով տասնյակ հարվածներ հասցրած մի բարձրաստիճան ոստիկան օրերս կալանավորվեց միայն այն բանից հետո, երբ ամիսներ առաջ տեղի ունեցած այդ դեպքի տեսանյութը համացանցում տարածվեց։ Մինչև այդ իրավապահները համարել էին, որ ոստիկանը զղջացել է ու գործը փակել էին։
Անցած տարի փաստաբաններն ահազանգեցին՝ ոստիկանները հենց բաժանմունքում, ծեծել են նախ իրենց անչափահաս պաշտպանյալներին հետո՝ իրենց։
Ավելի վաղ մի փաստաբան էլ «Ազատությանն» էր պատմել՝ Աբովյան քաղաքի բաժանմունքում ոստիկանները ծեծել, ստորացրել ու թքել են իր պաշտպանյալի վրա։
Սեպտեմբերին 44- օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին էին ոստիկաններն ուժով հեռացրել Եռաբլուրից՝ ազատելով վարչապետ Փաշինյանի մուտքը դեպի Եռաբլուր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա, քաշքշում ու խփում էին մեզ». զոհվածի մայրԲոլոր այս դեպքերով դեռ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել՝ պնդում են տուժողների փաստաբանները։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է՝ չնայած որ պետբյուջեից ու միջազգային կազմակերպություններից հազարավոր դոլարներ են ուղղվել ոստիկանության բարեփոխումներին, այդուհանդերձ տեսանելի փոփոխություններ չկան։