Ուկրաինան է դիվերսիա իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է միջադեպի մանրամասներին։
«Նախագահը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից հաղորդումներ է ստանում Կախովկա հիդրոէլեկտրակայանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք արդեն միանշանակ կարող ենք հայտարարել, որ դա ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիա է»,- ասել է Պեսկովը։
Այսօր ավելի վաղ Կիևը ռուսական կողմին է մեղադրել տեղի ունեցածում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը։
Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը այսօր առավոտյան կարճ տեսաուղերձում հաստատել է Կախովկա հիդրոէլեկտրակայանում պայթյունի մասին և ասել, որ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։
Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր տարածքներից, որտեղ ջրհեղեղներ են տեղի ունենում։
Ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը ռուսական զորքերին մեղադրել էր ՀԷԿ-ը վնասելու մեջ։ Ռուս զինվորական բլոգերներն իրենց հերթին ուկրաինացի զինվորականներին են մեղադրել ՀԷԿ-ի փլուզման համար։
ՀԷԿ-ը անցյալ տարվա փետրվարի 24-ից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Կախովկա ՀԷԿ-ում․ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում