Պայթյուն Կախովկա ՀԷԿ-ում․ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը կարճ տեսաուղերձում հաստատել է Կախովկա հիդրոէլեկտրակայանում պայթյունի մասին և ասել, որ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։

Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր տարածքներից, որտեղ ջրհեղեղներ են տեղի ունենում։

Ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը ռուսական զորքերին մեղադրել էր Կախովկա հիդրոէլեկտրակայանը վնասելու մեջ։

Ռուս զինվորական բլոգերներն իրենց հերթին ուկրաինացի զինվորականներին են մեղադրում հիդրոէլեկտրակայանի փլուզման մեջ։

ՀԷԿ-ը անցյալ տարվա փետրվարի 24-ից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Կիևը ՀԷԿ-ի պայթեցումը «ուկրաինական հարձակումը խափանելու փորձ» է որակում

«Ռուսների կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու» նպատակը ուկրաինական պաշտպանական ուժերի հարձակումը խափանելու փորձ է, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարիա Զարիվնան։

Նրա խոսքով՝ այժմ «մի շարք բնակավայրեր արդեն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված են»։

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունը նաև նշանակում է, որ Ղրիմը կմնա առանց ջրի»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ իրավիճակը ռիսկեր է ստեղծում նաև Զապորոժիեի ատոմակայանի համար՝ ռեակտորների ջրային սառեցման հնարավոր խնդիրների հետ կապված։

Ուկրաինական Energoatom-ը հայտնել է, որ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը «կարող է բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ատոմակայանի համար»։

Զապորոժիեի ատոմակայանը

«Կախովկայա ջրամբարից ջուրն անհրաժեշտ է, որպեսզի կայանը սնուցում ստանա տուրբինային կոնդենսատորների և ԶԱԷԿ անվտանգության համակարգերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նրանք նշել են, որ դեռ «իրավիճակը վերահսկելի է»։

Նախնական տեղեկություններով՝ «ՀԷԿ-ը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը»

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Սա նախնական տեղեկություն է: Իհարկե, հիմա ամեն ինչ կստուգվի: Այն տեղայնացված է այնտեղ, և, համապատասխանաբար, նախնական տեղեկություններ կան, որ դրանք 205-րդ մոտոհրաձգայինի ներկայացուցիչներ են: Մենք կստուգենք»,- ասել է Պոդոլյակը:

Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին հիդրոէլեկտրակայանի վնասելու մեջ, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինային։

Օրինակ՝ օկուպացված Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը հայտնել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա գիշերային հարձակումների մասին և դա անվանել ահաբեկչություն։

Կախովկա ՀԷԿ-ը «վերանորոգման ենթակա չէ»

Չնայած Կախովկա ՀԷԿ-ում տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր գնահատականներին, թե՛ ուկրաինացի, թե՛ ռուս պաշտոնյաներն ասում են, որ կայանը վերանորոգման ենթակա չէ:

«Կայանը չի կարող վերականգնվել», - հայտարարել է «Ուկրհիդրոէներգոն», հավելելով, որ առաջիկա 4 օրվա ընթացքում դրանից ջրի բացթողումը կշարունակվի:

Առայժմ փորձագետները չեն հասկանում, թե ինչ չափի վնաս կհասցնի ջուրը։

Խերսոնից տարհանումն արդեն սկսվել է։ Оկուպացված «Նովայա Կախովկայի» ղեկավար Վլադիմիր Լեոնտևը Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ անհնար կլինի վերականգնել ավերված Կախովկա հիդրոէլեկտրակայանը։ Նրա խոսքով՝ քաղաքում տարհանվում են Դնեպրի ափին գտնվող մոտ 300 տների բնակիչներ։

Մոսկվան ուկրաինական կողմին է մեղադրում Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի համար

Ուկրաինան է դիվերսիա իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է միջադեպի մանրամասներին։

«Նախագահը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից հաղորդումներ է ստանում Կախովկա հիդրոէլեկտրակայանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք արդեն միանշանակ կարող ենք հայտարարել, որ դա ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիա է»,- ասել է Պեսկովը։