Պրիգոժինը պնդում է՝ ռուսական բանակն ականապատել է Բախմուտից «Վագների» դուրս բերման ուղիները

«Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը շարունակում է իր պատերազմը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ պնդելով, որ ռուսական բանակն իբր ականապատել է Բախմուտից «Վագների» ստորաբաժանումների դուրս բերման ուղիները։

Պրիգոժինը հրապարակել է այդ մասին հայտարարություն և տեսանյութ, որից, սակայն, պարզ չէ, թե որտեղ և երբ է ականապատվել տարածքը:

«Այս պահին հետաքննություն է ընթանում, շատ փաստեր չեմ կարող հրապարակել, սակայն կարող եմ հրապարակել այս մասին զեկույցն ու կատարվածի տեսագրությունը», - ասել է Պրիգոժինը։

Զեկույցի մեջ նշվում է, թե իբր Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքերից կրակ են բացել վագներականների ուղղությամբ, երբ նրանք փորձել են ականազերծել ճանապարհները Բախմուտից դուրս գալու ժամանակ։

Ընդորում, միջադեպը, զեկույցի համաձայն, տեղի է ունեցել մայիսի 17-ին, սակայն Պրիգոժինն այս մասին հայտարարել է երեկ երեկոյան։

Պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի այս մեղադրանքը դեռ չի մեկնաբանել։

Երեկ ավելի վաղ նա հաստատել էր ուկրաինական կողմի պնումն առ այն, որ ուկրաինական ստորաբաժանումները հետ են վերցրել ռուսներից Բախմուտի հարավ-արևմուտքում գտնվող որոշ թաղամասեր։

«Վագները» անցած ամսվա վերջին դուրս էր հանել իր ստորաբաժանումները քաղաքից, քաղաքում այսօր ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրիգոժինը հայտարարել է, որ մայիսի 10-ին «Վագները» կհեռանա Բախմուտից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կադիրովը դիմել է Պուտինին՝ խնդրելով Բախմուտում «Վագների» դիրքերը հանձնել «Ախմատին»

Սա Պրիգոժինի առաջին հայտարարությունը չէ պաշտպանության նախարարության և ընդհանրապես Ռուսաստանի իշխանությունների դեմ։

Մայիսի 30-ին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչուներին հարվածներից հետո, նա կոշտ քննադատել էր Ռուսաստանի ռազմական իշխանություններին, անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Կրմելը և պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի քննադատությանը շատ զուսպ են արձագանքում, իսկ ռուս անկախ վերլուծաբնները կանխատեսում են, որ առաջիկայում Պրիգոժինի քննադատությունը էլ ավելի կոշտ է լինելու, քանի որ ուկրաինական բանակի հաջողությունների ֆոնին ռուսական էլիտան սկսում է չվստահել երկրի ղեկավարությանն ու անձամբ նախագահ Պուտինին։ Իսկ դիրքերում գտնվող Պրիգոժինը հստակ է տեսնում իրավիճակը ռազմի դաշտում և արդեն այսօր փորձում է ցույց տալ այդ էլիտային, որ ինքն անձամբ հնարավոր պարտության հետ կապ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրիգոժինը կրկին մեղադրել է ՊՆ նախարար Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Գերասիմովին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրիգոժինը իրավապահներից պահանջում է ստուգել ՌԴ ՊՆ ղեկավարության գործունեությունը