Փառատոնի ժամանակ քաղաքացուն հարվածած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև հունիսի 4-ի գիշերվա միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում են ՆԳՆ-ից։

Համացանցում տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանի հարվածից հետո երիտասարդը գետնին ընկնում։

Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։