Հունիսի 1-ին, երբ ծնողներն իրենց երեխաներին զվարճանքի վայրեր են տանում ու տոն նվիրում, երևանցի 29-ամյա կինը իր 10 ամսական փոքրիկ տղայի հետ նետվեց 8-րդ հարկի պատուհանից։ Կինը մահացավ տեղում, առաջին հարկի հարթակին փոքրիկը դեռ շնչում էր, մահացավ ավելի ուշ Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Շենքում, որտեղ ողբերգությունն է տեղի ունեցել, ուշքի չեն գալիս երեկ կեսօրից, երբ լսեցին այդ թրմփոցը առաջին հարկի վարսավիրանոցի տանիքի վրա։
«Ձայնը ուժեղ էր, բոլորը հասկացան, որ ինչ-որ մեկը ընկել ա», - ասաց բնակիչներից մեկը։
«Ինքնասպանությունը բացառվում ա բոլորիս կողմից», - ասաց մեկ այլ բնակիչ, որը երեխայի հետ նետված կնոջ ընտանիքին մոտիկից գիտի և վստահ է, որ դժբախտ պատահար է եղել։
Նրա խոսքով, կինը փոքրիկի հետ մոր տուն էր եկել. - «Քեռին Ռուսաստանից էկել ա, էկել ա քեռուն տեսության։ Երեխայի հետ։ Էրեխեն ընկնելուց ա էղել, ինքը ուզեցել ա էրեխին փրկի, ինքն էլ հետևից ընկել ա... էնքան հոյակապ ընտանիք, ամուսին, հիանալի ընտանիք են էղել»։
Մի քանի ամիս կինը երեխայի, ամուսնու հետ Հայաստանում չէր, նոր էին եկել, պատմում է մեկ այլ հարևանուհի. - «Լավ վայելած, լավ կյանքը տեսած մի թաք աղջիկ էր»։
Երեխան անզգուշ վայր է ընկել, հետևից մայրն է նետվել. սա է հարևանների վարկածը, թեպետ նաև շեշտում են, որ միայն մեկ ձայն են լսել։ Չեն հավատում թե սա կարող է ինքնասպանություն լինել։
Քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության ու ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
Կինը մինչև վերջին երկու տարին ժամանցային լրագրությամբ էր զբաղվում, վիդեոբլոգ էր վարում։ Վերջին ամսիներին նա իր ինստագրամյան էջում մի քանի հրապարակումներում խոսում է հոգեկան առողջության խնդիրների , տրավմատիկ տագնապների, դեպրեսիայի մասին։ Ահա մի հատված.
«Ես ու նա տեղափոխվել էինք առանձին ապրելու, փորձում էինք իմ հոգեկան վիճակը երկուսով հաղթահարեինք՝ ոչ մեկին չանհանգստացնելով, անգամ ամենահարազատներին։ Գնալով իմ վիճակն ավելի էր վատանում. քնում էի շատ քիչ, սնվում խայտառակ վատ, լացով արթնանում էի լուսադեմին ու խնդրում ինձ դուրս տանի, խեղդվում էի անընդհատ, թվում էր շունչս կկորի ու կդադարեմ ապրել»։
Նա նաև պատանեկան դեպրեսիայի հետևանքների մասին է խոսել, նաև այն մասին, որ հայ ծնողը դրա գոյությանը չի հավատում, ուր մնաց, թե մտածի այն կանխարգելելու մասին։
Գրառումներից դատելով, փորձել է մասնագիտական գրականությամբ ու իր ձևակերպմամբ՝ սեփական հույզերը ճանաչելով հաղթահարել խնդիրը։ Հայաստանում հոգեկան խնդիր ունեցող մարդու անօգնական, անպաշտպան լինելու մասին կարդում ենք մի քանի գրառումներում.
«Հոգեկան առողջության ոլորտը հատկապես այսօրվա մեր երկրի՝ հետպատերազմյան իրավիճակում պետք է առաջնային խնդիրներից լիներ ամբողջ հասարակության մակարդակով։ Այնինչ այս ոլորտի կարևորության մասին հիշոււմ ենք Հոգեկան առողջության միջազգային օրը ու անգիր արած տեքստեր ասում»։
«Հոգեկան առողջության ոլորտը Հայաստանում շարունակում է մնալ գերթերի վիճակում, անվերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով»։
29 -ամյա կնոջ էջում նաև հղիության ու երջանիկ մայրության պատմություն է, մայիսի կեսին որդու ատամհատիկն ու տասն ամսականն են նշել ամուսնու հետ՝ երկու շաբաթ անց այս ողբերգությունն էր։