«1000 դրամով էլ կարող ենք 100 հազարավոր դոլարներ ապահովենք ու գումարը ներգրավենք երեխաների աջակցությանը»

Որոշ երեխաներ պայքարել ու պայքարում են հիվանդությունների դեմ, որոնց բուժման համար վճարել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը»՝ շարքային քաղաքացիների մեծ ու փոքր նվիրատվություններով. նրանցից մեկի համար, օրինակ, անծանոթ մարդիկ 4 օրում 140 հազար դոլար են հավաքվել։

Հիմնադրամն արդեն 2 տարեկան է, այդ ընթացքում 51 հազար անգամ օգնություն է փոխանցվել։ Հիմնադիր Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ 24 երեխա տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող բուժում է ստացել արտասահմանում, 2000-ից ավելին էլ հետազոտվել-բուժվել Հայաստանում։

«51 հազարը էդ յուրաքանչյուրդ եք և ձեզնից շատ-շատերդ եք մասնակցել մեր հանրային դրամահավաքներին, որի համար շատ շնորհակալ ենք: Անգամ ամենափոքր գումարը աննկարագրելի մեծ կորևորություն կարող է ունենալ: Մենք բազմիցս անգամներ ենք ապացուցել, որ 1000 և 5000 դրամներով կարող ենք 100 հազարավոր դոլարներ ապահովենք ու այդքան գումարներ ներգրավենք երեխաների աջակցության համար: Նաև ուզում եմ ձեզ խնդրեմ, որ մասնակցեք ոչ միայն տարբեր հանրային դրամահավաքներին, այլ նաև հիմնադրամին փոխանցումներ և ամսական վճարումներ կատարեք, որովհետև մենք օգնում ենք հարյուրավոր և հազարավոր երեխաների, որոնց համար կարող ենք հանրային դրամահավաքներ չկազմակերպել և ձեր յուրաքանչյուրի մասնակցությունն անգամ 1000 դրամով կարող է բավականին մեծ, կարևով նշանակություն ունենալ», - նշեց Մարտիրոսյանը:

Ամեն ինչ սկսվել է 13 տարի առաջ, երբ մի երեխայի կյանքը փրկելու համար Արմենը իր ֆեսյբուքյան էջով օգնություն էր խնդրել։ Տարիների ընթացքում օգնության կարիք ունեցող երեխաների թիվը հասել է 400-ի, որոնց մեծ մասն արտասահմանում է բուժվել։ Եղել են երեխաներ, որ հիվանդությունը չեն հաղթահարել, բայց անգամ նրանց դեպքում գումարը չի կորել՝ ծնողների համաձայնությամբ փոխանցվել է այլ երեխաների բուժմանը։ Քաղցկեղը չհաղթահարած մի երեխայի համար հավաքված գումարի մի մասով էլ հիմնադրամը Երևանի արյունաբանական հիվանդանոցում բացել է Հայաստանում նմանը չունեցող կենտրոն, որտեղ կհետազոտվեն քաղցկեղ ունեցող երեխայի ընտանիքի անդամները։ Ուսումնասիրությունը թույլ կտա գտնել բուժման լավագույն տարբերակը, և ոչ միայն:

«Երբ որ մենք ունենանք այդ քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության համախտանիշի հաստատում, այդ երեխաներին մենք արդեն պետք է վերցնենք հսկողության տակ մեր կլինիկայում և զարգացնենք նրանց համար հատուկ ծրագրեր, որոնց համապատասխան այդ երեխաները պարբերաբար այցելելու են մեր կլինիկա, պարբերաբար որոշակի հետազոտություններ անցնեն, տալու ենք որոշակի խորհուրդներ՝ ինչից պետք է խուսափեն, ինչպես պետք է շարունակեն և վարեն իրենց կյանքը, որպեսզի նրանց մոտ նվազեցնենք քաղցկեղի զարգացման հավանականությունը», - ասաց կլինիկայի բժիշկներից մեկը:

«Եթե Հայաստանում երեխաների բուժումն անվճար է, ինչո՞ւ են մարդիկ գումար հավաքում նրանց բուժման համար», - հարցրինք Արմեն Մարտիրոսյանին։ Պատասխանեց՝ թեև ֆանտաստիկ բժիշկներ ունենք և ուռուցքաբանությունն էլ Հայաստանում շատ արագ զարգանում է, այդուհանդերձ, թե՛ գումարի պակասի խնդիր կա, թե՛ եղածը ճիշտ կառավարելու։

«Ֆինանսավորման խնդիր կա պետության կողմից, դա անկասկած, և մենք անընդհատ խոսում ենք մեր մասով, որ առողջապահության բյուջեն պետք է անգամ կտրուկ ավելանա, իմ կարծիքով, կա նաև մենեջմենթի խնդիր ֆինանսական, այն գումարները, որոնք տրամադրվում են, ճիշտ վերաբաշխումներ պետք է արվի և ճիշտ ուղղություններով ծախսվեն», - ասաց Մարտիրոսյանը:

Երեխաները հետազոտությունների մի մասը պետության հաշվին են անցնում, բայց ըստ հիմնադրամի, կան ոլորտներ, որոնք այդպես էլ բաց են մնում, իրենք առայժմ փորձում են լրացնել բացը, միաժամանակ պնդում, որ սա մշտական լուծում չէ։

«Չենք պլանավորում մի ամբողջ կյանք դա կազմակերպել, մենք ուզում ենք ավելի ինստիտուցիոնալ ներդրում ունենալ: Աշխատում ենք նախարարության հետ, որպեսզի ինչ-որ մի պահ իրենք իրենց վրա վերցնեն այդ պարտավորությունը», - ընդգծեց նա:

Մարդկանց հավաքած գումարները միայն քաղցկեղ ունեցող երեխաների բուժման համար չեն, ասում է Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում ու Արցախում ապրող աստմա ունեցող 1600 երեխայի այդ գումարով թանկարժեք դեղեր են գնել, որի մեկ գրամը 50 հազար դրամ է, լյարդի փոխպատվաստման համար են երեխաներին արտերկիր ուղարկել։

«Մեր ուժը դուք եք, մարդիկ», - ասում է Արմեն Մարտիրոսյանն ու խնդրում օգնել, որ երեխաներն ապրեն: