Կաղնուտի բնակիչ 78-ամյա Ռիկո Օհանյանն իր այգին մշակել չի կարողանում. մի քանի տասնյակ մետրի վրա ադրբեջանական հենակետերն են։ Սյունիքի մարզի Կաղնուտը վերջին պատերազմից հետո սահմանային դարձավ։ Այստեղ մոտ 40 մարդ է ապրում։ Դպրոց, մանկապարտեզ... սահմանի այս գյուղում փակ են ավելի քան երեք տասնամյակ։
«Դե էրեխա չկա, բնակչություն չկա, ծեր մարդուց ի՞նչ մանկապարտեզ, ի՞նչ երեխա: 90 թվականին, որ շարժումը սկսեց, էն ժամանակից կրակոցները եղել են, դպրոցը փակվել ա, տենց էլ փակվել ա», - ասաց Օհանյանը:
«Գյուղում միայն տարեցներն են մնացել, ամենաջահելը ես եմ», - կատակում է Կաղնուտի 53-ամյա գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը։ Նրա համագյուղացին՝ Գրիշա Թամրազյանը խնդիրներն է թվարկում ու դառնանում, թե սահմանի այս գյուղերի բնակիչները միայնակ են մնացել։
«Վարչապետը մեր գյուղի տեղը եթե իմանա, մենք շատ գոհ կլինենք։ Ոչ թե ասեմ ինչի՞ չի եկել, գոնե, տեղը իմանա։ Վարչապետը պարտավոր ա իմանա Կաղնուտը, Դավիթբեկը, Արծվանիկը… Չեմ ասում է, իրանց գործը դա չի, բայց իմանա էլի, սահմանի վրա ինչպիսի գյուղեր կան, վիճակը ինչպես ա», - ասաց Գրիշա Թամրազյանը:
Էրմոնյա Մնացականյանը, ով քաղաքից Ուժանիս է եկել հիվանդ եղբորը խնամելու համար, հիշում է՝ ժամանակին գյուղը բազմամարդ էր, ամռանն այստեղ ասեղ գցելու տեղ չկար։ Հիմա գրեթե բոլոր դռները փակ են։ «Մի՞թե հնարավոր չէ սահմանի այս գյուղերում աշխատատեղ բացել, որ ջահելները գյուղում մնան», - սրտնեղում է 65-ամյա կինը։
«Մի ինչ որ կոոպերատիվով, մի գործարար մարդ լինի, մի բանով հուշեն, որպեսզի աշխատատեղ լինի, ջահելները դեպի գյուղ գան, որպեսզի էստեղ ամուսնանան, նոր սերունդ ծնվի, շատանան», - ասաց Մնացականյանը:
«Մարդիկ վախենում են, որ ապրանքը հանում են դաշտ, մի քիչ ներքև տանեն, կարող ա գնա, թուրքը վերցնի։ Չենք կարա պահենք, դժվար ա», - նշեց բնակիչներից Ալետա Գրիգորյանը:
«Այսպես ապրել հնարավոր չէ», - ասում է Ալետա Գրիգորյանը, ով Արցախի Թաղավարդ գյուղից է, ամուսնացել և Բարձրավան հարս եկել։ Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանցիների անցակետ տեղադրելուց հետո կառավարությունը խոստացավ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի համար շրջանցիկ ճանապարհ կառուցել։ 3 տարի անց այս գյուղերը քաղաքի՝ Գորիսի հետ դեռևս գրունտային ճանապարհով են կապված։
«Էն ժամանակ էլի Որոտանով սիրուն ասֆալտով հանգիստ գնում էինք քաղաք, գալիս, հիմա պիտի սենց Տաթև, Շինուհայր, Խոտ շրջանցենք, որ հասնենք Գորիս», - նշեց Բարձրավանի բնակիչ Ալետա Գրիգորյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է սահմանի այս գյուղերում մի շարք ծրագրեր իրականացրել՝ ազնվամորու տնկիներ տրամադրել, մեղվափեթակներ, գյուղտեխնիկա:
«Էս պահի դրությամբ Կարմիր Խաչի օգնությամբ բացել ենք էն դաշտերը, որ 20 տարի 15 տարի փակ ա եղել… Բաժանվել ա գյուղացիքի մեջ, հացահատիկ ենք էս պահի դրությամբ ցանել։ Արդեն մյուս տարի մեր մոնիտորինգի շրջանակներում կհասկանանք ձեռնտու ա էս ամեն ինչը թե չէ», - ասաց Ուժանիսի գյուղապետ Սասուն Սարգսյանը:
Ուժանիսի գյուղապետն ասում է՝ գյուղի հողատարածքներից ավելի քան 30 հեկտարը ադրբեջանական զորքի նշանառության տակ է, այնտեղ գյուղացիները վարուցանք անել չեն կարողանում։ «Տարածքները սեղմվեցին, խնդիրները մեծացան», - ասում է 30-ամյա գյուղապետը, ով գյուղից հեռանալ չի պատրաստվում, այծերի ֆերմա է բացել, հույս ունի՝ համագյուղացիներն այնտեղ աշխատելու համար հետ կվերադառնան։
«Արտագաղթ չկա, մարդիկ իրենց տեղում են», - պնդում է Ադրբեջանի հետ մոտ 420 կմ շփման գիծ ունեցող Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Ընդհանուր վիճակը Սյունիքում գիտենք՝ լարված է, էն իմաստով, որ ավելի շատ անորոշություն կա, մնացած բոլոր իմաստներով բնակչության թիվը նույն է, ինչ որ եղել է մինչ 44-օրյա պատերազմը, որոշ դեպքերում նույնիսկ մարդիկ վերադարձել են», - ընդգծեց Ղուկասյանը:
Չնայած այս գյուղերում դեռևս շատ չլուծված խնդիրներ կան, բայց սահմանին ապրող սյունեցիների գլխավոր մտահոգությունը Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Your browser doesn’t support HTML5