Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Կոսովոյի հյուսիսում ստեղծված վտանգավոր իրավիճակի կապակցությամբ լարվածությունը թուլացնելու ուղերձով դիմել է հակամարտող կողմերին:
«Մենք կոչ ենք անում Կոսովոյի և Սերբիայի կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և նոր քայլեր անել Եվրամիության միջնորդությամբ բարելավում ապահովելու ուղղությամբ: Մենք աջակցում ենք Կոսովոյի և Սերբիայի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը, սակայն ներկայիս իրավիճակը խոչընդոտ է այդ ճանապարհին»,- ասել է Բլինքենը:
Կոսովոյի հյուսիսում մի քանի ավաններում մեծամասնություն կազմող սերբերը պահանջում են դուրս հանել տեղական իշխանության գրասենյակներ ընտրված ալբանացիներին:
Սերբերն այդ ավաններում հրաժարվել են ապրիլին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ինչի հետևանքով փոքրամասնություն կազմող ալբանացիների թեկնածուներն են ընտրվել:
Մինչդեռ, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այսօր հայտարարել է, որ օրինական կարգով ընտրված պաշտոնյաները պետք է շարունակեն աշխատանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսովոյի հյուսիսում սերբերով բնակեցված ավաններում ծայրաստիճան լարված վիճակ է