Ղազախստանում ապաքրեականացնում են նախկին առաջնորդ Նազարբաևին վիրավորելը

Ղազախստանի նախկին նախագահ Նուըրսուլթան Նազարբաևը, արխիվ

Ղազախստանի օրենսդիրները մտադիր են չեղյալ հայտարարել Քրեական օրենսգրքի հոդվածը, որը ենթադրում է դատական պատասխանատվություն նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին վիրավորելու համար:

Օրենսդիր Սնեժանա Իմաշևան այսօր ասել է, որ նախատեսվում է չեղարկել Քրեական օրենսգրքի թիվ 373 հոդվածը: Այն նախատեսում է քրեական հետապնդում առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին և արժանապատվությանը հանրայնորեն վիրավորանք հասցնելու համար:

Այդ հոդվածով մեղավոր ճանաչվելու դեպքում անձը Ղազախստանում կարող է դատապարտվել ընդհուպ 5 տարվա ազատազրկման:

Ղազախստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Իմաշևայի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

2019 թվականին Նազարբաևը հրաժարական է ներկայացրել, սակայն պահպանել է քաղաքական ու պետական համակարգում հսկայական ազդեցությունը և ստացել է «Ելբասիի»՝ «Ազգի առաջնորդի» տիտղոսը:

Չորս ամիս առաջ Ղազախստանի օրենսդիրները չեղարկել են «Առաջին նախագահի մասին» օրենքը:

Նազարբաևին նախագահի պաշտոնում փոխարինած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մի շարք միջոցներ է ձեռնարկել նրա ազդեցությունը չեզոքացնելու համար և, մասնավորապես, Նազարբաևից վերցրել է Անվտանգության խորհրդի ղեկավարումը:

2020 թվականի հունվարին Ղազախստանում վառելիքի գնաճին հաջորդած արյունալի զանգվածային ընդհարումներից հետո Տոկաևը գործնականում Նազարբաևին վտարել է քաղաքական ասպարեզից:

Նազարբաևի հետ կապված պաշտոնյաների մեծ մասն, ինչպես նաև նրա ազգականները հեռացվել են աշխատանքից, մի քանիսն էլ կոռուպցիայի մեղադրանքով բանտարկվել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նուրսուլթան Նազարբաևին զրկել են «պատվավոր սենատոր» կոչումից