Բերքաբերցի Ռուբիկ Ավետիսյանը հայ-ադրբեջանական պետական սահմանին կանգնել ու Ջողազի ջրամբարից երկու կիլոգրամանոց սազան էր բռնել։ Գլուխ է գովում, թե երեսուն կիլոգրամանոց էլ է պատահում։ Եթե ադրբեջանական հնարավոր կրակոցներից չվախենան ու մի քիչ առաջ գնան, կարմրախայտ էլ կպատահի, բայց դիմացը՝ Ջողազի մյուս ափին, Ադրբեջանի սահմանային դիտակետն է։ Զգուշանում են։
«Մոմենտ ա էլի, մեկ էլ տեսար կրակեցին», - ասում է Ռուբիկը։
Համագյուղացի Ռոբերտ Խուդավերդյանի հետ ձեռքով գծում են 600 բնակիչ ունեցող Բերքաբերի հին ու նոր սահմանները։ Կիլոմետրերի տարբերություն կա։ Մինչև 90-ականների կռիվը երկու երկրների սարերի ջրով լցվող Ջողազն էլ էր Հայաստանի տարածքում, դրանից այն կողմ՝ իրենց 800 հեկտար այգիներն էլ։
«Հենա դիմացը թուրքի պոստ ա։ Իմ այգու մեջին թուրքը եկել ա նստել», - ցույց է տալիս Ռուբիկը։
Այժմ ջրամբարի այս կողմից ցույց են տալիս 800 հեկտարի մեջ առանձին կտորներով երևացող կանաչ այգիները, որտեղից ժամանակին հյութալի նուռ ու խաղող էին հավաքում։ Ասում են՝ ադրբեջանցիները չորացրել են, քիչ մասն են պահպանել։
Հայաստանն անցած երեսուն տարիներին գրեթե չի օգտագործել երկու պետության մեջտեղում 1970-ականներին կառուցված Ջողազի ջրամբարն իր ահռելի ջրային պաշարով։ Միայն այս տարի կառավարության ու համահայկական հիմնադրամի հաշվին 230 միլիոն դրամ է ծախսվել ու պոմպակայան կառուցվել։ 60 մետր խորությամբ ջրամբարի ջրով հնարավոր կլինի ոռոգել Բերքաբերի ու հարևան Սարիգյուղի 120 հեկտար վարելահողերը, բայց բերքաբերցիները շեշտում են՝ հայկական կողմում մնացած փոքրաթիվ հողատարածքով գյուղացին չի ապրի։ Հնարավոր նոր քարտեզի ու սահմանի փոփոխությունների շուրջ բանակցողներին հիշեցնում են՝ Բերքաբերի 800 հեկտար այգիներն ու վարելահողերն առանց կռվի, ուղղակի մի պարզ հրամանով են հարևանին անցել։
«Ոչ մեկը ոչ մի բան չի ասել, չի ասել դուս արի ստեղից, չի ասել էս իմ հողն ա, չի ասել եկեք առաջ գնանք։ Կարող ա իրենց կամքով թողել են, հետ էկել», - ենթադրում է Ռոբերտը։
Այժմ, քանի դեռ տարբեր միջազգային հարթակներում քննարկում են Հայաստանի սահմանների հարցը, Ջողազի երկու կողմում հակառակորդ համարվող երկու ազգեր ձուկ են բռնում՝ վախը սրտներում, թե հանկարծ դիմացից կրակոց չլինի ու գնդակն իրար չհասնի։ Ձեռքի կարթով պատասխան տալ չեն կարող։ Սա խաղաղության գործիք է, ոչ պատերազմի, ասում են բերքաբերցիները. - «Գալիս ենք մի քիչ մտավախությունով, որովհետև դիմացը... եղել ա դեպքեր, նախկինում կրակոցներ էղել ա»։
Մինչ այդ գալիս, ձկնորսներով ծանրութեթև են անում բանակցությունների արդյունքներն ու պատասխանատուների հայտարարությունները։ Հուսադրող չեն, ասում է իջևանցի Լևոն Մարգարյանը, որ մարզկենտրոնից հաճախ Բերքաբեր է գալիս Ջողազից ձուկ բռնելու. - «Ես չեմ կարծում, չգիտեմ։ Սա ուղղակի պրոցես ա ձգձգման... Իմ կարծիքով, ոչ մի հարց էլ չի լուծվելու։ Սա ուղղակի հենց էնպես պրոցես ա։ Հիմա լուծում չի տրվի։ Ես էդ կարծիքին եմ»։