Գերմանիան Մոսկվայից պահանջում է փակել հինգ հյուպատոսարաններից չորսը

Գերմանիայի կառավարությունը Մոսկվայից պահանջել է դադարեցնել երկրի տարածքում գործող Ռուսաստանի Դաշնության հինգ հյուպատոսարաններից չորսի գործունեությունը։

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆեր Բուրգերի խոսքով` պաշտոնական Բեռլինն այս քայլին է դիմել Ռուսաստանի տարածքում գերմանական հիմնարկությունների աշխատակիցների թիվը մինչև 350-ը կրճատելու Մոսկվայի որոշմանն ի պատասխան։

Այս պահին Ռուսաստանը Գերմանիայի տարածքում հյուպատոսարաններ ունի Մյունխենում, Բոննում, Համբուրգում, Ֆրանկֆուրտում և Լայպցիգում։ Թե դրանցից որ մեկը կշարունակի աշխատել, ռուսական աղբյուրները դեռ չեն հստակեցնում։