«Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը», - արձագանքելով երեկ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշում է Արցախի Ազգային ժողովը:
«Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշված է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. ԱլիևԱդրբեջանի նախագահը երեկ Լաչինում բնակիչների հետ հանդիպմանը մի շարք սպառնալից հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նա պնդել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։
Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Ազգային ժողովն ընդգծել է՝ ակնկալում են գործնական ու ակտիվ գործողություններ՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան:
«Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա», - ասված է հաղորդագրությունում:
Ստեփանակերտն ընդգծում է, որ այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ «Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով»:
Արցախի Ազգային ժողովը հայտարարում է՝ «վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները»:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը», - ասված է հաղորդագրությունում: