Սերբիայի բանակը Կոսովոյի հետ սահմանին մնում է «ռազմական բարձր պատրաստության մակարդակում», այսօր հայտարարել է պաշտոնական Բելգրադը։ Հաղորդագրությունը հաջորդում է էթնիկ սերբերի և Կոսովոյի ոստիկանության միջև երեկ տեղի ունեցած բախումներին։
Ուրբաթ օրը Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների արցունքաբեր գազ են կիրառել երկրի հյուսիսում՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների դեմ բողոքող սերբերի դեմ։ Կոսովոյի էթնիկ սերբերի փոքրամասնությունը բոյկոտել էր ապրիլին տեղի ունեցած ընտրությունները, ինչը էթնիկ ալբանացիներին թույլ է տվել վերահսկողություն հաստատել տեղական խորհուրդներում:
Բախումների ֆոնին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանձնարարել է բարձր պատրաստվածության բերել բանակը, այսօր էլ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել` Սերբիան վճռականորեն կպաշտպանի իր ժողովրդին։
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Գերմանիան Կոսովոյի իշխանություններին կոչ են արել «անհապաղ զիջումների գնալ և թուլացնել լարվածությունը», միաժամանակ իրենց մտահոգությունը հայտնելով Սերբիայի զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու որոշման կապակցությամբ։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ի պատասխան հայտարարել է՝ այլընտրանքը սահմանադրական պարտավորությունները չկատարելն է։
«Ես հրավիրում եմ բոլորին, հատկապես Կոսովոյի սերբ քաղաքացիներին, համագործակցելու նոր քաղաքապետերի և նրանց կաբինետների հետ, որոնք կլինեն բազմազգ, բազմամշակութային և բազմալեզու», - Facebook-ում գրել է Կոսովոյի առաջնորդը։