Ավելի ավանդական մշակութային իրողություն չունենք, քան գրավոր մշակույթը ներկայացնել. ԿԳՄՍ փոխնախարար

Գրքին հավատարիմ ընթերցողները 3 օր շարունակ հնարավորություն ունեին մասնակցել «Գրքի երևանյան 6-րդ միջազգային փառատոնին», որի ծրագիրը հագեցած էր տարբեր հետաքրքիր միջոցառումներով՝ շնորհանդեսներ, քննարկումներ, անգամ համերգներ, գրքի տոնավաճառով, որտեղ ավելի քան 40 հրատարակչություն իրենց գրքերն էին ներկայացրել ընթերցողին 20-40 տոկոս զեղչով, իսկ այսօր երեկոյան էլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գրական արդեն ավանդական դարձած մրցանակաբախշությամբ կամփոփվի «Գրքի երևանյան միջազգային փառատոնը»։

«Ազատության» հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշեց՝ այս փառատոնը նպատակ ունի նախևառաջ գրական միջավայր ստեղծել, գրողների, թարգմանիչների ու հրատարակիչների նոր գրքերը ներկայացնել: Խզմալյանի փոխանցմամբ՝ այն միտված է՝ «վերահաստատելու մեր գրավոր ավանդույթների կրող լինելը, որովհետև կարծում եմ, ավելի հին, ավելի ամուր, ավելի ավանդական իրողություն մշակութային մենք չունենք, քան գրավոր մշակույթը ներկայացնելը, գրավոր մշակույթով հաստատվելը և գրավոր մշակույթով մեր դիմագիծը ձևավորելը»:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվող գրքի ամենամյա տոնավաճառին ընթերցողը կարող էր ձեռք բերել ամենաբազմազան գրականություն, կարող էր պարզապես շրջել այս օրերի ընթացքում թատրոնի ճեմասրահում տեղակայված տարբեր հրատարակչությունների կողմից ներկայացված գրքերի տաղավարների միջով և տեսնել, թե ինչ նոր գրքեր են լույս ընծայվել այս կամ այն հրատարակչության կողմից։ Հրատարակիչների համար էլ շատ կարևոր է շփումը ընթերցողների հետ, նաև, իհարկե, իրենց գործընկերների հետ։

«Քիչ են ընթերցողները, վաճառքից է նույնիսկ երևում ամբողջ տարվա ընթացքում, երբ որ գրքերը շատ քիչ են վաճառվում, նշանակում է, ուրեմն մեր ընթերցողների բազան շատ ավելի քիչ է կամ միգուցե համակարգչային միջոցներով են ընթերցում: Համենայնդեպս կոնկրետ գրքին վերաբերող վաճառքը շատ թույլ է», - ասաց «Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանը:

Թե՛ Հովհաննես Թումանյանի, թե՛ Ավետիք Իսահակյանի, թե՛ Եղիշե Չարենցի, թե՛ Խաչատուր Աբովյանի և մյուս մեծերի տուն-թանգարանները իրենց տաղավարներում մշտապես ուշագրավ գրականություն են ներկայացնում՝ այդ թվում իհարկե, գիտական։

«Մենք երկհատորյակով ենք այս տարի փառատոնին ներկայանալու, «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակն է, որը 100 տարի հետ, փաստորեն, վերաթարմացված, լրացված և բոլորովին նոր հուշերով համալրված, Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, մենք այսօր կներկայացնենք մեր ընթերցող լսարանին», - ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն էլ ներկայացնելով իրենց տաղավարի ուշագրավ գրականությունը՝ շեշտում էր. - «Մասնակցելով «Գրքի երևանյան փառատոնին», կարծում եմ, սա շատ լավ առիթ է ավելի լայն լսարանի ներկայացնելու մեր հրատարակչական աշխատանքները և դրանով նաև հետաքրքիր կապ կստեղծվի թանգարանի, հրատարակչությունների, ընթերցողների, ընթերցասերների միջև»: