Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:
Նախնական տվյալներով, ըստ հաղորդագրության, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել և երեկ հայ-ադրբեջանական սահմանին բերման ենթարկված զինծառայողների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչություն և ապօրինի մաքսանենգություն հոդվածով։