Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Հայստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Միրզոյանն ու Բոնո քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին:

Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Միրզոյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:

Օրերս էլ ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդականը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Լուիս Բոնոն վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ողջ ուժով աջակցել խաղաղության գործընթացը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուիս Բոնո. «ԱՄՆ պատրաստ է սատարել խաղաղության գործընթացը»