Շուրջ տասն օր է ինչ Հայաստանի ամենախոշոր՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է։ Անզեն աչքով էլ երևում է մոխրագույն ամպը, որն, ըստ մասնագետների, վտանգավոր է մարդու առողջության համար։
Դեռ հայտնի չէ, թե ինչից է կրակը բռնկվել։ Երևանի քաղաքապետարանից պնդում են՝ լրացուցիչ ուժերով շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքը։
Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյանն «Ազատությանն» ասաց՝ վաղը հավանաբար հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն՝ հրդեհը կմարի։
«Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, ինչպես նաև մանավոր ընկերությունների օժանդակությամբ, վերջիններից Երևանի քաղաքապետարանը խնդրել էր հողային շինարարական աղբը բերել Նուբարաշեն՝ աղբավայր։ Ընդհանուր առմամբ, 2000 մեքենա մոտ հող է լցվել կրակի վրա, դա մոտ 40 հազար խորանարդ մետր հողի մասին է խոսքը։ Եվ ծրագրված է, որ շաբաթ օրը հրդեհն ամբողջությամբ մարած կլինի», - ընդգծեց Սարդարյանը։
Ավելի քան 50 հեկտար տարածքով այս աղբավայրի գրեթե կեսը՝ շուրջ 20 հեկտարն այրվել է։ Այս օրերին, ըստ պաշտոնյաների, 40 հազար խորանարդ մետր ավազ է լցվել հրեդհի վրա, ջրով այս հրդեհը չի մարվում, քանի որ ներսից այրվում է աղբավայրում կուտակված մեթան գազը։ Առանց այդ էլ օդի աղտոտվածության լուրջ խնդրի առաջ կանգնած Երևանում մոխրագույն ամպը օրեր շարունակ չի իջնում։
Բնապահպան Ինգա Զարաֆյանն ահազանգում է՝ ծանր մետաղներ են օդում պտտվում, վտանգավոր է։ Ինչու՞ բնակիչները չեն տարհանվում, ինչո՞ւ մարդկանց չեն ասում՝ ինչպես պաշտպանվել, հարցնում է Զարաֆյանը:
«Գոյանում են տոքսիկ միացություններ, որոնք շատ վնաս են առողջության համար, ամբողջ տոքսիկ նյութերի փունջ դուրս է գալիս, պետք է առաջին հերթին մոնիթորինգ անել վնասակար նյութերի։ Տուժում է մեր առողջությունը, էլ չեմ ասում էն մարդկանց առողջությունը, որոնք էդ աղբավայրի կողքն են ապրում», - ասաց բնապահպանը։
Մինչ քաղաքային իշխանությունից ասում են, որ հավանաբար կրակն այս շաբաթվա վերջ ամբողջությամբ կմարվի, բնապահպանը հարցնում է՝ իսկ մարդու առողջությանը պատճառված վնասները հաշվարկվելո՞ւ են, ի՞նչ շնչեցին այս օրերին հարակից տարածքի բնակիչները, պատկան մարմինները հետաքրրքվե՞լ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի հաջողվում մարել, մասնագետներն ահազանգում են մարդկանց վրա ծխի բացասական ազդեցության մասին