Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. նրան Հայաստանին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության, ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53 միլիոն 806 հազար 500 դրամին համարժեք 110 հազար դոլար շորթելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինից առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 դոլարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

Ղուկասյանի և Գալստյանի, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի՝ ևս երկու հանցակիցների նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Աարտակ Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում, ըստ Քննչականի, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին Youtube-ի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Բացի այդ, 2022թ. նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի Youtube և Facebook կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է անձանց խմբի՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության նախագահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։

Ըստ Քննչական կոմիտեի, ձեռք են բերվել տվյալներ, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Ղուկասյանին հայտնաբերելու և վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է Գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով: