«Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, հիմնարար լուծումների վրա», - РИА Новости գործակալության հետ զրույցում այսօր նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն՝ ի՞նչն է բխում իրենց հիմնարար շահերից և ինչպես են իրենք մտադիր ապահովել հարատև խաղաղությունը», - նշել է Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքում այն համաձայնություներն են, որ ձեռք են բերվել Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ նախևառաջ եռակողմ հայտարարությունները։
«Դրանք հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում են դրված և Բաքվի ու Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզն» են հանդիսանում։ Այդ գործողությունների թվին են դասվում հաղորդակցության և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված քայլերը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների զարգացումը», - նշել է Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան իր առաքելությունը տեսնում է՝ «կողմերի միջև շփման կետեր գտնելուն օժանդակելու, փոխադարձաբար ընդունելի ձևակերպումներ և փոխզիջումներ գտնելու մեջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոմերսանտ»․ «Այսօր Մոսկվայում առնվազն երկու եռակողմ փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում»