Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը հաստատեց Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը չեղարկելու օրենքը

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդն այսօր ընդունել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին:

Նախագիծը ստորին պալատի՝ Պետական դումայի քննարկմանը մայիսի 10-ին ներկայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Օրենսդիրներն այն ընդունել են մայիսի 16-ի լիագումար նիստում:

Նախագծին կից բացատրական նամակում ասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ միայն չի ցանկանում ամրապնդել Եվրոպայի անվտանգությունն, այլև աննախադեպ արագությամբ հզորացնում է զինված ուժերը:

«Ռուսաստանն այդ պայմաններում պարտավոր է սեփական անվտանգության և ազգային շահերի պաշտպանության միջոցներ ձեռնարկել»,- ասվում է փաստաթղթում:

Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Պուտինի կողմից վավերացվելու պահից: