Վրաստանում բողոքի ակցիաների հետևանքով չեղարկել են Սերգեյ Լավրովի ազգականի հարսանյաց հանդեսը

Բողոքի ակցիա, Կվարելի, Կախեթի մարզ, Վրաստան, 20 մայիսի, 2023թ.

Վրաստանում ակտիվիստները բողոքի ցույցեր են կազմակերպել Կախեթի մարզի Կվարելի ավանում, որտեղ Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրում պետք է տեղի ունենար Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ազգականներից մեկի հարսանյաց հանդեսը:

Արարողությունը չեղարկվել է, և դրա համար Վրաստան ժամանած մի քանի տասնյակ հյուրերն արդեն հեռացել են երկրից:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, հյուրանոցային համալիրում նախատեսված էր Լավրովի փեսայի եղբոր հարսանիքը:

Դրա մասին հայտնել է «Մտավարի» վրացական ընդդիմադիր հեռուստակայանը, որի պնդմամբ, քաղաքացիական զույգի ամուսնությունը գրանցվել է Թբիլիսիում, որտեղից էլ հարսն ու փեսան և նրանց հյուրերը պետք է մեկնեին Կվարելի՝ հարսանիքը տոնելու համար:

Ըստ վրացական հեռուստակայանի, փեսան Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովի եղբայրն է: Փեսայի և հարսի անունները «Մտավարին» չի հայտնում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այդ հարսանյաց հանդեսի չեղարկումն անվանել է «հանրության հաղթանակ»:

Նա ասել է, որ Կվարելիում նախատեսված տոնակատարության չեղարկման մասին իրեն տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: