Կոռնիձորում բազմամարդ հանրահավաքի մասնակիցները Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհով երթ սկսեցին դեպի սահման։
Մի խումբ քաղաքական գործիչներ, հոգևորականներ, մարզերից ու մայրաքաղաքից եկած բնակիչներ հայկական և ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա իրենց մտահոգությունը հայտնեցին արդեն 5 ամսից ավելի փակ ճանապարհի և արցախահայության համար ստեղծված անորոշ վիճակի կապակցությամբ։
«Եկել եմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու այն անարդարության դեմ, որ փորձում են փաթաթել մեր ժողովրդի վզին։ Փորձում են համոզել մեզ, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող ապագա ունենալ», - ասաց Վանաձորից հանրահավաքին մասնակցելու նպատակով Սյունիք եկավ քաղաքացիներից Ռուբեն Պարսամյանը։
«Մենք այսօր պետք է հանդիսանանք Ղարաբաղի համար երաշխավոր, ինչպես Ղարաբաղն է մեզ երաշխավոր միշտ, բոլոր պատերազմների ժամանակն առաջին հարվածը իրենք են ընդունել իրանց վրա։ Հիմա ժամանակն է, որ մենք իրենց օգնենք և վստահություն ներշնչենք, որ այդ ժողովուրը չկոտրվի», - համոզված է Գավառի բնակիչ Նորիկ Գևորգյանը։
Հաջակցություն Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված երթի ու հանրահավաքի՝ մի խումբ արցախցիներ այսօր Ստեփանակերտի զինվորական պանթեոնից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհ՝ Զառին բաղ կոչվող տեղամաս։
Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներն ավելի վաղ նաև ուղերձ էին հղել, որ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի։
Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հանուն Արցախի» հանրահավաք՝ Կոռնիձորում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի դեմ ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության. հանրահավաքի ուղերձը