Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ, իրենց ուղերձում հայտարարեցին Կոռիձորում հանուն Արցախի փրկության հանրահավաքի մասնակիցները։
«Հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար։ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումն ու գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է։
ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, իր հերթին, հավելեց, որ կամք կա՝ երկրին տեր կանգնելու համար, և որ սա հենց կամքի հանրահավաք է։
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ստեփանակերտից նույնպես երթով մարդիկ շարժվում են Կոռնիձորում հանրահավաք իրականացնողներին ընդառաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հանուն Արցախի» հանրահավաք՝ Կոռնիձորում