«Մեծ յոթնյակը» Հիրոսիմայում գումարված գագաթնաժողովի ավարտից մեկ օր առաջ այսօր ընդունել է եզրափակիչ հռչակագիրը, որով հաստատել է Ուկրաինային դիվանագիտական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցությունը և Ռուսաստանի ու այդ երկրին սատարողների նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու վճռականությունը:
«Մեծ յոթնյակը» Պեկինին կոչ է արել «հատուկ ռազմական օպերացիային» վերջ տալու և Ուկրաինայից ռուսական զորքը դուրս հանելու համար ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա:
«Մեծ յոթնյակը» Թեհրանին կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի խնդրում Ռուսաստանին սատարելու և Մոսկվային զինատեսակներ փոխանցելու քաղաքականությունից:
«Մեծ յոթնյակը» հայտնել է, որ պատրաստ է կառուցողական և կայուն հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և Թայվանի հարցում հավատարիմ է «Մեկ Չինաստան» հայեցակարգին:
«Մեծ յոթնյակը» քննարկել և եզրափակիչ հռչակագրում ներառել է մի շարք կարևոր այլ դրույթներ, որոնց թվում են աշխարհի ապամիջուկայնացումը, հրաժարումը զանգվածային ոչնչացման այլ զինատեսակներից, ահաբեկչության դեմ պայքարը, պարենային անվտանգությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Այս տարի «Մեծ յոթնյակում» նախագահում է Ճապոնիան: Գագաթնաժողովը կավարտվի վաղը՝ մայիսի 21-ին: