Մեկնաբանելով Ուկրաինային F-16 տեսակի ամերիկյան կործանիչներ տրամադրելու արևմտյան երկրների մտադրության մասին տեղեկությունը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Արևմուտքը շարունակում է էսկալացիան:
Այդ մասին Գրուշկոն ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական խորհրդի 31-րդ ժողովում:
Նրա խոսքով, Ռուսաստանը հաշվի կառնի F-16-ներ Կիևին փոխանցելու հնարավորությունը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:
«Հիմա տեղի է ունենում շարժում այսպես կոչված էսկալացիայի աստիճանով: Մենք տեսնում ենք, որ Արևմուտքի երկրներն առաջ են գնում էսկալացիոն սցենարով: Դա մեծագույն վտանգ է հենց նրանց համար: Մենք դա հաշվի կառնենք մեր ծրագրերում: Բոլոր դեպքեորում մենք ունենք մեր նպատակներին հասնելու անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Գրուշկոն:
Երեկ NBC ամերիկյան հեռուստակայանը հաղորդել է, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները մտադիր են F-16 տեսակի կործանիչներ տալ Կիևին և ստեղծել հատուկ ուսումնական կենտրոններ, որտեղ ուկրաինացի օդաչուները կսովորեն վարել ու մարտեր մղել արդիական արևմտյան ինքնաթիռներով:
Ռուսաստանի արտաքին և պաշտպանական խորհուրդը 1992 թվականին ստեղծված հասարակական կազմակերպություն է, որի անդամներն են գործարարներ, հանրային և պետական գործիչներ, ուժային կառույցների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ և մամուլի աշխատակիցներ:
Խորհուրդը մշակում է և պատկան մարմիններին է տրամադրում արտաքին և պաշտպանական քաղաքականությանն առնչվող հայեցակարգեր, վերլուծություններ և առաջարկներ: