Այսօր ձերբակալվել է Սպիտակ համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը։ Ոստիկանությունում նա խոստովանել է, որ երեկ երեկոյան ինքն է ծեծել Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինս վնասվածքներով Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել։
Բժշկական կենտրոնի տնիրեն Վարդուհի Սիսակյանն «Ազատությանն» ասաց. - «Դեմքի, ճակատի, իրանի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով։ Հրաժարվելով դինամիկ հսկողությունից, հիվանդը գնացել է տուն։ Այս պահին նորից կանչի մեջ էր մեր շտապօգնության բրիգադը, նույն պացիենտը՝ Հովհաննիսյան Էդգար Էդվարդի, այս պահին գնտվում է մեր էմերջենսի սենյակում»։
Այսօր կեսօրին արդեն հիվանդանոցում հաստատվել է՝ Էդգար Հովհաննիսյանն ուղեղի ցնցում է ստացել։ Նա տեղափոխվել է Երևան՝ գլխուղեղի հետազոտության։
Տուժած Էդգար Հովհաննիսյանն ու նրա կինը՝ գյուղի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը, հրաժարվում են անուններ տալ ու մանրամասներ հայտնել, թե ովքեր են ծեծել ու ինչ է նախորդել միջադեպին։ Տղամարդը պնդում է, թե հարվածը թիկունքից է եղել, անսպասելի, Սպիտակի խանութներից մեկը մտնելիս. - «Ես չգիտեմ ով ա ինձ հարված հասցրել, ես չեմ նկատել ոչ ոքի»։
«Անկեղծ ասած, ոչ մեկի վրա կասկածներ չունեմ», - ասաց Թամարա Մինասյանը։
Մինչդեռ համագյուղացիները պատմում են, թե Սպիտակի համայնքապետի որդին՝ հանցանքը խոստովանած Գոռ Նիկողոսյանը, մենակ չի եղել, և որ վարչական ղեկավարի ու նրա ամուսնու նկատմամբ հաշվեհարդար են տեսել։
«Քաղաքապետի տղան է էղել, մի 20-25 հոգով», - պնդեղ Սարամեջի բնակիչներից մեկը։
Տուժածի ավտոմեքենայի վրա պարզ երևում էին հարվածի հետքերը։ Ըստ գյուղացիների, վիճաբանությունն ու ծեծկռտուքը տևական է եղել։
Սարամեջում կրքերը դեռ երկու օր առաջ էին բորբոքվել։ Վարչական ղեկավարի ու մի խումբ գյուղացիների պահանջով Սարամեջ էին եկել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա ենթակաները։ Ընդ որում, նրանց ուղեկցում էին մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ համայնքապետի որդին, որն ամբողջ ընթացքում հետևում էր հոր և բնակիչների հանդիպմանը և որն այսօր ձերբակալվել է վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու համար։
Թեև Սպիտակի ղեկավարները Սարամեջ էին եկել կրքերը հանդարտեցնելու և խոստումներ տվել, թե լարվածությունը մեղմելու են, բայց այցից ընդամենը երկու օր անց բանը ուժ կիրառելուն հասավ։ Գյուղացիները համոզված են, որ դեպքը տեղի ունեցավ դժգոհողների բերանը փակելու համար։ - «Մեր ղեկավարը պահանջներ է ներկայացնում, էդ պահանջների հիման վրա ուզում են, որ վախեցնեն աչքները։ Էդ է, ուրիշ ոչ մի բան չկա»։
Քաջայր Նիկողոսյանը 2021-ին է Սպիտակի համայնքապետ ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով։ Երեկ երեկոյան ծեծի ենթարկված Էդգար Հովհաննիսյանը նրա թիմակիցն է։ Խոշորացումից առաջ կես տարի Սարամեջի գյուղապետի պաշտոնակատար է եղել, որից հետո նրա կինը՝ Թամարա Մինասյանն է նշանակվել է վարչական ղեկավար։
Պարզ չէ, թե ինչ սև կատու է անցել, բայց 2021-ի խոշորացումից հետո սպիտակի ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում։ Պառակտված է նաև ավագանու «Քաղաքացիական պայմանագրի»18 հոգանոց խմբակցությունը։
Երկու օր առաջ Սարամեջի վարչական ղեկավարը պնդում էր, թե համայնքի ղեկավարն իրեն պարտադրում է աշխատանքից հեռանալու դիմում գրել ու թողնել պաշտոնը։
Ոստիկանությունն առգրավել է դեպքի վայրում եղած տեսախցիկները, որոնք կարող էին արձանագրել եղելությունը։ Այսօր Քննչական կոմիտեից հնարավոր չեղավ պարզել՝ արդյո՞ք, կդիմեն դատարան համայնքապետի որդուն կալանավորելու միջնորդությամբ, թե՞ ոչ։ Հայտնի չէ նաև՝ կասկածյալների թիվը կավելանա՞, թե՞ մեղադրանք կառաջադրվի միակ ձերբակալվածին։