Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կոչ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին, ում երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:
«Բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար», - իր ելույթում ասել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։
Հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել խաղաղության օրակարգի պատրաստակամության մասին, Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին օրերին ևս, ինչպես և նախորդիվ Ադրբեջանը շարունակել է իր սադրանքները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին երեք տարիների ռազմական գործողությունների հետևանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար«Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր», - հայտարարել է ԱԺ խոսնակը:
Մինչ խորհրդի նիստը անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում ղեկավարած երկիրը ևս հայտնի է Ադրբեջանի հետ սերտ կապերով: Մինչդեռ, Բելառուսի նախագահը նշել է, թե Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ:
«Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատկերացնում եղած հակասությունների լուծումը։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, սակայն, վերջին օրերին հայտարարում են, որ Երևանում ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ են եղել՝ վարչապետի ղեկավարությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստում։ Այս պահին, սակայն, հայաստանցի պաշտոնյաները հավաստիացնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։
Կազմակերպությունը լքելու քննարկումը, ըստ փոխարտգործնախարարի, հաջորդել է անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակմանը, երբ Հայաստանը դաշինքի գործընկերներից ակնկալում էր ռազմական օգնություն, որը չստացավ։ Ապա Երևանը առկախեց ՀԱՊԿ-ի առաջարկը՝ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ արժանանալով Մոսկվայի քննադատությանը, թե դիտորդների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն Հայաստանը նախապատվությունը տվել է Եվրամիությանը։
Հայաստանը իր դժգոհությունները նաև գործնականում արտահայտեց՝ կառավարությունը չեղարկեց Հայաստանում ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունները և հրաժարվեց Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։