Տոկիոն և Վաշինգտոնը կշարունակեն պատժամիջոցների ենթարկել ռուսներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հիրոշիմա, 18 մայիսի, 2023թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիան կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և այդպես պատասխանատվության կենթարկեն ռուսներին Ուկրաինայի վրա անցյալ տարվա փետրվարի 24-ին հարձակվելու համար:

Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան լրագրողներին ասել է Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցելուց հետո: Նա ասել է, որ Տոկիոն և Վաշինգտոնը կշարունակեն աջակցել Կիևին:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի պատերազմից զատ կլիմայի, պարենի միջազգային հիմնախնդրի և գլոբալ անվտանգության, այդ թվում՝ մտահոգություն առաջացնող Չինաստանի քաղաքականության թեմաներն են: Գագաթնաժողովը կբացվի վաղը և կտևի մինչև մայիսի 21-ը:

Ենթադրվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին տեսաուղերձով կդիմի գագաթնաժողովի մասնակիցներին: