Մի քանի տասնամյակի դադարից հետո Շիրակում վերսկսվել է Կապսի ջրամբարի կառուցումը

Մի քանի տասնամյակի դադարից հետո Շիրակի մարզում վերսկսվել է Կապսի ջրամբարի կառուցումը։ 1985-ին մեկնարկած շինարարությունը դադարեցվել էր 1993-ին, այժմ իշխանությունները հայտարարում են, որ այլևս խոչընդոտ չեն տեսնում։ Գլխավոր խնդիրը գումարն է։ Դա էլ ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ երաշխավորված է։

«Չի կարող լինել խոչընդոտ։ Մենք ունենք հուսալի գործընկեր ֆինանսավորող և բացի այդ, ունենք կառավարության երաշխավորված ֆինանսավորումը։ Այնպես որ, ֆինանսավորման տեսանկյունից որևէ էական, անսպասելի բան տեղի ունենալ չի կարող», - ասաց նա։

Փոխվարչապետի նշած հուսալի ֆինանսական գործընկերը գերմանական KFW բանկն է, որը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել, մնացած 26.7 մլն եվրոն՝ Հայաստանի կառավարությունը։ Անավարտ ջրամբարը չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունն է կառուցելու՝ 2 փուլով։ Առաջինը` 25 մլն խորանարդ ծավալով, հետո մինչև 60 մլն խորանարդ մետրի է հասցվելու տարողությունը։ Երկրորդ փուլի համար լրացուցիչ մոտավոր 20-25 մլն եվրո կպահանջվի։ Առաջին հիմնական ու ծախսատար փուլի շինարարությունը 34 ամիս է տևելու։ Տարածքային կառավարման նախարարը դժվարացավ ասել, թե երբ վերջնական կավարտվի ջրամբարի ամբողջական կառուցումը։

«Կոնկրետ ժամկետ հիմա չեմ կարող ասել, որովհետև որոշակի հաշվարկներ ու բանակցություններ կան, բայց երկրորդ փուլի ժամկետներն ավելի կարճ կլինեն, որովհետև փաստացի գործող պատվարը պետք է բարձրացնել», - նշեց նա։

Դեռ խորհրդային տարիներին այստեղ պատվար է կառուցվել. այն կօգտագործվի՞, թե՞ կքանդեն ու նորը կկառուցեն. նա ասաց. - «Պատվարը մենք ամբողջովին կօգտագործենք, այսինքն՝ նախագիծն այնպես է արած, որ արդեն կառուցված հատվածը հաշվի առնենք»։

Իշխանությունները խոստանում են, որ Կապսի ջրամբարի շնորհիվ կլուծվի շրջակա գյուղերի ոռոգման հարցը։

«60 միլիոնի պարագայում մենք նաև կառուցելով Թալինի ջրանցքը, ոչ միայն Շիրակի մարզում լրացուցիչ 928 հեկտար հողեր կավելացնենք, այլ նաև 6 հազարից ավելի հեկտար հողեր ոռոգում կիրականացնենք նաև Արագածոտնի մարզում, մասնավորապես Թալինի տարածաշրջանում», - նշեց Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը։

Կլիմայի փոփոխության ու նաև հարևան Թուրքիայում մեծ ծավալներով իրականացվող ջրամբարաշինության հետևանքով Հայաստան ավելի քիչ ջրային ռեսուրսներ են մուտք գործում։ Տարածքային կառավարման նախարարը խոստովանում է՝ Հայաստանն այս պահին ոռոգման ջրի խնդիր ունի. - «Այսօրվա դրությամբ մոտ 200 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ջուր ունենք ջրամբարներում, քան նախորդ տարի նույն օրը, և մեզանից այս տարի լրջագույն ջանքեր է պահանջելու, որպեսզի փորձենք այդ քիչ ջուրն այնպես կառավարել, որ հնարավոր ջուր օգտագործողներին՝ մեր գյուղատնտեսներին բաժին հասնի»։

Նախարարն ասում է՝ ոռոգման ջուրը դժվարությամբ է կուտակվում, այն պետք է ռացիոնալ օգտագործել. Գնել Սանոսյանը գյուղացիներին էլ խորհուրդ ուներ՝ կան գյուղմթերքներ, որոնք ձեռնտու չէ մշակելը։

«Մենք ունենք տարածքներ, որտեղ ահռելի քանակի ջուր ենք ծախսում՝ այնտեղ ինչ-որ մշակաբույսեր ոռոգելու համար, բայց եթե հաշվարկ անենք, կտեսնենք, որ այն, ինչ աճեցնում ենք, և այն, ինչ ծախսում ենք այդ ջուրը մշակաբույսին հասցնելու համար, արդյունավետ չի», - շեշտեց նա։

Կառավարությունը խոստացել է առաջիկա տարիներին 15 ջրամբար կառուցել. ի՞նչ է արվում այս ուղղությամբ։

«Հասկանալով, որ ջրամբարների կառուցումը երկար է տևում, մենք 15-ի ավարտի մասին չենք խոսում, այլ դրանց սկսելու։ 22 թվականին գործնական փուլ մտնելուց մի շարք խնդիրներ ենք հայտնաբերել, մասնավորապես ունենք 4 դեպք, երբ այդ տարածքներում խնդիր կա՝ որոշելու՝ կառուցել ջրամբար, թե չէ», - ասաց նախարարը։

Կապսի ջրամաբարի կառուցումը Ջրաձոր համայնքն է ընդգրկում, շինարարությանը զուգահեռ գյուղը պետք է տեղափոխվի, նոր գյուղի կառուցման համար կառավարությունը հինգ միլիարդ դրամ է հատկացրել, բայց շինարարությունը դեռ չի սկսվել։ Գյուղում հիմա 340 մարդ է ապրում, դպրոցն ընդամենը 20 աշակերտ ունի։ Ջրաձորում վերջին տարիներին երեխաներ չեն ծնվել։