Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետևանքով հայկական կողմը հաղորդում է մեկ զոհի, մեկ վիրավորի մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող Էդգար Սուլեյմանյանը։ 2003 թվականին ծնված զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։
Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել նաև բուժակը։ Նրա վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի հաղորդումը։ «Հայկական զինուժի դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը կեղծ է», - ասված է ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նորաբակի բնակիչ Կարինե Մարկոսյանի փոխանցմամբ՝ կրակոցները շարունակվել են մինչև ժամը 17-18-ը. - «Գյուղի ուղղությամբ էլ են կրակել, դիրքի ուղղությամբ էլ են խփել»։
Սահմանային կրակոցները հետևում են բրյուսելյան եռակողմ բանակցություններին, որի ընթացքում ըստ ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։
Գեղարքունիքի ուղղությամբ իրավիճակը սրվել էր նախորդ շաբաթ, երբ հայկական կողմը հաղորդեց մեկ զոհի և ութ վիրավորի, իսկ Ադրբեջանը՝ երկու զոհի և մեկ վիրավորի մասին։