Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։
«Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից փորձել են առևանգել». վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի այս հոդվածից շուրջ մեկ ժամ անց իրավապահները բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ Ժորա Սահակյանի հորը՝ Վահիդ Սահակյանին, Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ու Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ըստ թերթի՝ վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի:
«Ազատություն»-ը «Որդիների կանչ» ՀԿ-ի դիմաց էր, երբ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ծնողներին։ Կազմակերպության գրասենյակում էր նաև զոհված Ժորա Սահակյանի մայրը՝ Զորանուշ Սահակյանը, ասաց՝ բերման ենթարկվածներից է նաև ամուսինը։ Զորանուշ Սահակյանը հաստատեց՝ այսօր զոհված զինծառայողների ծնողներից մեկի գործով դատական նիստից հետո են հանդիպել Աշոտ Փաշինյանին։
«Այսօր դատ էր, եկել էր այնտեղ։ Ասացին՝ շառ են անում, ծնողները առևանգել են, բայց մենք չենք առևանգել։ Գայանե Մարտիրոսյանի դատն էր, Գայանեին ասի՝ արի, ինքն էլ իր ոտքով եկել է, մենք իրեն ոչ ձեռք ենք տվել, ոչ էլ։ Ինքը սուսուփուս նստել… ու իջել է, գնացել», - ասաց նա։
«Հայկական ժամանակ»-ը պնդել էր, թե առևանգման փորձին մասնակցել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Բերման ենթարկվելու պահին «Ազատություն»-ը հասցրեց մի քանի հարց ուղղել նրան։ Հերքեց, թե որևէ մեկը փորձել է առևանգել վարչապետի որդուն. - «Դատարանի մոտով անցնելիս է եղել, հետո մեր ծնողներից մեկի հետ նստել է։ Ասել է մամաներից մեկը, որ գնում ենք «Եռաբլուր», մի հատ նայես էս տղաների աչքերին ու ծնողներիդ ասես, որ ինչ են արել։ Ինքը նստել է մեքենան, գնացել են, Երրորդ մասի կողմերը մեքենայից դուռը բացեց, իջավ։ Երևի ընթացքի մեջ էր [մեքենան]։ Այդ մեքենայից 5 մեքենա հետևից գնալուց եմ եղել, որ ինքը իջել է, փախել է, ես էլ մի կերպ տորմուզ եմ տվել, որ չգցեմ տակը»։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անհավանական է համարում առևանգման մասին տեղեկությունը, ասաց՝ դեռ չի հասցրել տեսակցել բերման ենթարկվածներին։
«Ինձ ասացին, որ իրականությանը չի համապատասխանում, որևէ առևանգման փորձ չի եղել։ Ես չեմ կարծում, որ Աշոտ Փաշինյանն իր վարքագծով այնպես է իրեն պահել, որ հոր արածների համար որևէ մեկը նրանից պատասխան պահանջի։ Այդ վարկարծն ինձ հավանական չի թվում։
Նկատի ունեմ, որ ինքը երբևէ այնպիսի վարքագիծ չի դրսևորել, որով ցույց տա, որ ինքն օգտվում է այն շռայլություններից, որից օգտվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շատ այլ անդամներ», - նշեց փաստաբանը։
Այսօր բերման ենթարկված Գարիկ Գալեյանը նախորդ տարի մի խումբ անձանց հետ զորամասի տարածք մուտք գործելու ու հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվել, ապա ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Առայժմ տվյալներ չկան Աշոտ Փաշինյանի առողջական վիճակի մասին։
Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց մի տեսանյութ, նշելով, որ դրանում երևում է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետում մեքենայից ու վրաերթի ենթարկվում։ Լրատվամիջոցը չի հստակեցրել՝ որտեղից և ինչպես է այդ տեսանյութը հայտնվել իրենց տրամադրության տակ։
Բերման ենթարկված ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանին հրավիրում նստել մեքենա։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեջբերումներ է արել մարդուն առևանգելու հոդվածից՝ «իր կամքին հակառակ, կամ նրա կամքը անտեսելով, կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով», և ընդգծել՝ ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը:
Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, 4-8 տարի ազատազրկում է սահմանում։
Բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունն ստանձնած փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը, Գայանե Հակոբյանն ու Գարիկ Գալոյանը ձերբակալված են։