Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի, ապա շտապօգնության ուղղությամբ, կա 2 վիրավոր. Բաքուն հերքում է

Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ըստ գերատեսչության՝ այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

«Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը», - հավելում են ռազմական գերատեսչությունից:

Ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի հաղորդումը։ «Հայկական զինուժի դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը կեղծ է», - ասված է ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։