ԱԱԾ-ը հաղորդում է մի խումբ անձանց կողմից 250 մլն եվրոյի կոկաինի մաքսանենգության բացահայտման մասին

Լուսանկարը՝ ԱԱԾ մամուլի կենտրոնի

Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքեր, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ծառայության քննչական գլխավոր վարչությունում մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում:

Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիայում 2,7 տոննա կոկաին է առգրավվել, որը պետք է տեղափոխվեր Հայաստան․ANSA