Եռակողմ բանակցությունների հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը. Միշել

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, եռակողմ հանդիպումից հետո նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Մենք քննարկել ենք նաև երկու երկրների միջև սահմանազատումը», - ասել է Միշելը։

Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։

«Մենք պատրաստ ենք բրյուսելյան ձևաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է ԵԽ նախագահը։

Նրա փոխանցմամբ՝ կա առաջընթաց սահմաններին վերաբերող հարցերում։

Միշելն ասել է, որ երկու առաջնորդները պարտավորվել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաաթիի հռչակագրին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ բրյուսելյան հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում: