Ընտրություններ՝ Թուրքիայում (թարմացվող)

21։17

ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի Ընտրական բարձրագուն խորհրդի հաղորդագրությունը, հայտնում է, որ քվեների 21.3 տոկոսի հաշվման արդյունքում գործող նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանի օգտին ձայն են տվել քաղաքացիների ավելի քան 55 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն քվեների 39 տոկոսն է ստացել:

Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացումը» 600 տեղանոց Ազգային մեծ ժողովում նախնական տվյալներով 348 տեղ է ստանում, իսկ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետականը՝ 133 տեղ:

Վերլուծաբանները նշում են, որ հիմա Թուրքիայից ստացվում են սոսկ նախնական տվյալները, և առաջիկա ժամերի ընթացքում պատկերը կարող է ամբողջապես փոխվել:

19։57

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերում գրել է, որ դրանք կայացել են, «ինչպես վայել է ժողովրդավարությանը»։

Քվեարկության արդյունքների մասին առաջին տվյալները սպասվում են մի քանի ժամ անց։

19։00

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 17-ին (Երևանի ժամանակով 18:00) ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները, և ընտրական տեղամասերը փակվել են:

Ընդհանուր հաշվով երկրում տեղադրվել է 191 հազար 884 քվեատուփ: Ձայնի իրավունք ունի 64 միլիոն քաղաքացի:

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ավանդույթի համաձայն, քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա հիմնական ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն մայրաքաղաք Անկարում է քվեարկել:

Ենթադրվում է, որ այսօր ուշ երեկոյան կհրապարակվեն նախնական պաշտոնական արդյունքները: Եթե այսօր նախագահի անունը հայտնի չդառնա, ապա մայիսի 28-ին տեղի կունենա երկրորդ փուլը:

Խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի համար պայքարում են 36 կուսակցություններ, որոնցից մի քանիսը դաշինքներ են կազմել:

17:31

Թուրքիայի ընտրատեղամասերում երկար հերթեր են գոյացել, մարդիկ ստիպված են սպասել՝ քվեարկելու երկրի ընտրություններին:

16։55

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանի օգտին զանգվածային բաց քվեարկություն է կատարվել, այդ մասին հայտնել է ընդդիմադիրների վստահված անձը, ում վրա հարձակվել են և ծեծի ենթարկել։

14։01

Թուրքիան երկու տասնամյակ ղեկավարող Թայիփ Էրդողանը քվեարկելուց հետո հայտարարել է, որ ընտրություններն ընթանում են առանց որևէ խնդրի։ Սակայն, լրատվամիջոցները արդեն գրում են որոշ խախտումների մասին։ Մի քանի ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը դադարեցվել է, և քաղաքացիները չեն կարողանում քվեարկել անսարքության պատճառով։

Էրդողանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրություններին։

10։00

Թուրքիայի 81 շրջաններում այսօր նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրելու իրավունք ունի երկրի 64 միլիոն քաղաքացի։

Նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն և ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը։ Սպասվում է, որ պետական ամենաբարձր պաշտոնի համար հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Հաղթելու համար պետք է հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, իսկ տեղի քաղաքագետները չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունների երկու փուլով անցկացումը։ Այս դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն հաղթող կճանաչվի։

Ընտրություններն ընթանում են Թուրքիայի համար ծանր շրջանում, երբ գնաճը պաշտոնապես կազմում է գրեթե 44 տոկոս, բայց շատ թուրքեր կարծում են, որ այն շատ ավելի բարձր է, գրում է BBC-ն։ Երկրի 11 շրջաններ տուժել են կրկնակի երկրաշարժերից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 50,000 մարդ:

Նախագահական ընտրություններին զուգահեռ ընթանում են նաև խորհրդարանական ընտրություններ։ Դրանցում ներգրավված են 36 կուսակցություններ, որոնցից մի քանիսը դաշինքներ են կազմել՝ խորհրդարանում ավելի շատ տեղեր ստանալու հնարավորությունները մեծացնելու համար:

Թուրքիայի խոշոր քաղաքներում, լրատվամիջոցների փոխանցմամբ, զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցները։