«Բարև, ես եմ» ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում

Մայիսի 16-ին կբացվի Կաննի 76-րդ կինոփառատոնը, որի «Դասականներ» բաժնում ցուցադրության համար ընդգրկվել է նաև մեր լավագույն ռեժիսորներից Ֆրունզե Դովլաթյանի 1965 թվականին նկարահանած «Բարև, ես եմ» հանրահայտ ֆիլմը։

Ի դեպ, դեռ 1966 թվականին այս ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնին, ներկայացվել կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ այստեղ Հայաստանում 1967 թվականին արժանացել է Պետական մրցանակի։

Առնոլդ Աղաբաբովի սցենարով նկարահանված այս ֆիլմը հիմնված է անվանի ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրական տվյալների վրա։ Ֆիլմում նկարահանվել են խորհրդային տարիների լավագույն դերասանները՝ Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Մարգարիտա Տերեխովան, Նատալյա Ֆատեևան և այլք։

«Այս տարի մեզ համար շատ ուրախալի է, որ մենք ունենք Կաննի փառատոնում մասնակցություն», - այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: - «Մենք վերականգնել ենք ամբողջական տարբերակը «Բարև, ես եմ» ֆիլմի Ֆրունզե Դովլաթյանի, որը կցուցադրվի Կաննի փառատոնում՝ ընտրվեց փառատոնի կողմից, դա էլ էր մի մրցույթ, որ մենք անցանք, էնպես չի, որ ֆիլմը ուղարկեցիր, ու ինքը միանգամից ընդգրկվում է»:

«Ճիշտ է՝ սա մրցութային ծրագիր չէ՝ սա կոչվում է Cannes Classic, այսինքն՝ «Դասականներ» բաժին է կոչվում, որտեղ հատուկ ֆիլմեր են միայն ընդգրկվում: Եվ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը մենք կարողացանք այնպիսի որակի վերականգնել, որ Կաննի ղեկավարությունը տվեց այդ համաձայնությունը և հաստատեց «Բարև, ես եմ» ֆիլմը այդ ծրագրում ցուցադրելու: Սա մեծ հաղթանակ է, մեծ նվաճում է մեր համար, և մենք շատ ուրախ ենք», - ընդգծեց Միրզախանյանը:

Փաստորեն, 57 տարի անց «Բարև ես եմ» ֆիլմը վերադառնում է Կաննի կինոփառատոն՝ սկսելու իր նոր ուղին համաշխարհային լայն հանրությանը ներկայանալու համար։ Շուշանիկ Միրզախանյանը մի ուշագրավ դիտարկում արեց. - «1966 թվականին, երբ «Բարև, ես եմ» ֆիլմը ընտրվել էր մրցութային ծրագրում Կաննի փառատոնի, ցուցադրվել է ավելի կարճ տևողությամբ: Ֆիլմը ամբողջովին 2 ժամ 15 րոպե է, բայց այդ տարիներին չափանիշները ուրիշ էին, և Ֆրունզե Դովլաթյանը մի փոքր կրճատել էր ֆիլմը՝ մինչև 2 ժամ կարծեմ պետք է լիներ, և ֆիլմը այդ կրճատված տարբերակով էր ցուցադրվել 1966 թվականին: Եվ նշենք, որ այդ ժամանակ ինքը ներկայացել է որպես խորհրդային ֆիլմ: Այս տարի, որ մենք կարողացանք սա անել՝ այս նվաճումը, շատ կարևոր էր մեզ համար, որ մենք արել ենք ամբողջական տարբերակի վերականգնումը, այսինքն՝ 2 ժամ 15 րոպեն ենք վերականգնել, և ներկայացվել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից որպես հայկական կինո: Սա շատ կարևոր էր մեզ համար»:

«Կարծում եմ՝ շատ լավ նվեր էր մեր բոլորիս համար հայ կինոյի 100-ամյակի այս հոբելյանի կապակցությամբ», - ընդգծեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Թե՛ Ազգային կինոկենտրոնը, թե՛ մեր կինոաշխարհի ներկայացուցիչները համոզված են, որ Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած ֆիլմն անտարբեր չի թողնի եվրոպացի հանդիսատեսին։ Շուշանիկ Միրզախանյանն էլ այդ ակնկալիքն ունի նույնպես. - «Եվ մենք սրտատրոփ սպասում ենք այդ օրվան, թե ինչպես կանցնի, ինչ արձագանքներ կլինեն»:

«Մեր գործը շատ, շատ որակյալ է ստացվել, և մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք նման որակի պրոդուկտ անել: Ֆիլմը ինքը իրեն շատ լավն է, բոլորիս կողմից շատ սիրված, բայց մենք պետք է կարողանայինք տեխնիկապես որակը այդ վերականգնման աշխատանքների այնպիսի որակի անեինք, որ նման հարթակը պատրաստ լիներ այդ ֆիլմը ցուցադրել», - նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Ֆիլմը սև-սպիտակ է: «Քանի որ ֆիլմը ուներ և՛ ռուսերեն տարբերակ, և՛ հայերեն տարբերակ, մենք պահպանեցինք օրիգինալ ձայնագրությունը՝ այն հատվածները, որը ռուսաստանյան կադրերն են, Ռուսաստանի կադրերն են, դրեցինք ռուսերեն լեզվով, որտեղ իրենք դերասանները հենց օրիգինալ իրենց ձայնով հնչեցնում են այդ խոսքերը, իսկ Հայաստանի մասը մենք սարքել ենք հայկական լեզվով, այսինքն՝ ինչ որ էլի եղել է ժամանակին Ֆրունզե Դովլաթյանի հենց կողմից պատրաստված հայերեն տարբերակը: Բայց ընդհանուր ֆիլմը ունի և՛ անգլերեն ենթագրեր, և՛ ֆրանսերեն ենթագրեր՝ էդ ձևաչափով Կաննում կցուցադրենք», - մանրամասնեց Շուշանիկ Միրզախանյանը:

«Եվ նույնը կցուցադրենք պարտադիր նույն ձևաչափով Երևանում, Հայաստանում, որ մեր հանդիսատեսը կարողանա դա տեսնել, թե ինչ ձևով ենք մենք ներկայացրել այդ ֆիլմը», - խոստացավ Ազգային կինոկենտրոնի տնօրենը: